Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


17 հունիս

Օտար լրագիրներե հոդվածներ քաղած լինելուն պատճառավ, Սթամպուլ լրագիրն տասնևհինգ օր դադարման հրաման ստացավ Տպագրական տեսչութենեն։


Ո՜րչափ լավ կը լիներ, եթե Տպագրական տեսչությունն ալ գոնե տասն օրվան համար դադարման հրաման առներ...


Այսօր տասը գողություն տեղի ունեցավ և մեկ ձերբակալություն տեղի չունեցավ, մինչդեռ ուրիշ օրեր քառասուն ձերբակալություն կը լինի և մեկ գողություն չլինիր։


Ընդհանրապես անոնք միայն կը պատժվին, որ գողություն չեն ըներ, վասնզի մայրաքաղաքիս մեջ մեծամասնությունը գողերու քովն է, և սահմանադրական կառավարություններն, ինչպես հայտնի է՝ մեծամասնությամբ կորոշեն ամեն բան։


Սպարտայի օրենսդիրն՝ այն գողերը միայն կը պատժեր, որոնք վարպետությամբ չէին կատարեր իրենց արհեստը։ Այժմ նույն օրենքը մայրաքաղաքիս մեջ գործագրվելու վրա է... Երա՜նի անոնց որ բան չունին տալու գողերու..։


Հայաստանի խնդրույն նկատմամբ դեռ պատասխան չտվավ Բ. Դուռն վեց տերություններու համիմաստ ծանուցագրին:


Կերևի թե պատասխան չունի տալիք։


18 հունիս

Գավառական թղթակիցներն գերապատիվ Մաղաքիա վարդապետ Օրմանյանի մեծ հանդեսով Թրապզոն և անտի Կարին մտնելը կը նկարագրեն։ Այդ նկարագրություններուն մեջ ճարտասանական ամեն ձևեր գործածված են. ավանակ մը միայն կը պակսի հոն՝ տյառն մերո Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելը մեզի հիշեցնելու համար։