Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չափազանցություններե սիրտս կը խառնվի. այս մասին շատ փափուկ ստամոքս մունիմ։


Հայր Օրմանյանն ես ալ կը սիրեմ և կը հարգեմ, վասնզի նորին գերապատվությունն վեց ատենախոսություն ըրավ ազգին հոգվույն և մարմնույն վրա. և այսուհետև ալ կարող Է երկու հարյուր հիսուն ատենախոսություն ընել ազգին մարմնակազմության վրա. ուստի միշտ քաջալերության արժանի է, մանավանդ երբ առաջնորդությունն է ստանձնե այնպիսի քաղաքի մը, ուր ընդարձակ ասպարեզ մը կը բացվի յուր առջև գործելու համար։ Սակայն երբ կը տեսնեմ, որ գավառացին չափազանցության կը դիմե՝ իմ նվիրական պարտքս է չափավորության հրավիրել զայն։


Նա, որ ինքզինքը մարդկության համար զոհեց, Օրմանյանե շատ մեծ Է անշուշտ. արդ, երբ նա ավանակի վրա նստած կը մտնե Երուսաղեմ՝ յուր աշակերտը ի՞նչպես մտնելու էր Կարին։ Բայց որովհետև մեր եկեղեցականներն չունին իրենց վարդապետին խոնարհությունն՝ գոնե պարզության մեջ մնալու ուխտ ընելու են։


Բայց Օրմանյան ի՞նչ հանցանք ունի, երբ յուր, ժողովուրդն լափեն ավելի կը հարգե զայն։ Նորին գերապատվությունը զրուցելու է, թե ինք այնչափ հարգանաց արժանի չէ։


Նորին գերապատվությունը թող ներե մեզ այս տողերը գրելնուս համար, որովհետև Կարնո թղթակիցին նամակը հոս հրատարակված օրն՝ շատերն ըսին։


«Կերևի որ կարնեցիները մարդ տեսած չունին մինչև հիմա»։


Ես չեմ ուզեր, որ կարնեցիները այսպես զրպարտվին...


19 հունիս

Միացյալ ընկերությունք անուն ընկերությունը ի զուր աշխատեցավ չորս ամիս՝ իրեն հարմար անուն մը գտնելու համար, վասնզի հիմակվան անունն բնավ չհամապատասխաներ յուր բռնած ընթազքին։ Եթե իմ կարծիքս հարցվեր՝ ես կառաջարկեի որ ոչ Միանալիք ընկերությունք անունով կնքվեր այդ ընկերությունը։