Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչև այսօր պաշտօնական հայտարարությամբ չծանուցվեցավ հասարակության, որ Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունները լուծված են։


Կը զրուցվի թե Հայրը դժվարություններ կը հարուցանե և հաշիվները տալու կը դժկամակի, առարկելով թե անկաժման ունի։ Եթե Որդին և Հոգին ալ անկաժման ունին՝ ժողովուրդը յուր տված ոսկիներուն հաշիվն առնելիք չունի։


Դեռ ամիս մը առաջ Արարատյան ընկերության պատվականագույն անդամներեն մին անդամակցութենե կը հրաժարեր հետևյալ նամակը գրելով.


«...Կաղաչեմ, ջնջեցեք իմ անունս Արարատյան ընկերության ցանկեն, որով զիս երախտապարտ կը կացուցաներ և այլն...»։


Ի՞նչ պատիվ Արարատյան ընկերության... մարդս ավազակներու խումբե մը փրկված ժամանակ երախտագիտություն կը հայտնե. բայց ընկերութենե մը դուրս ելնելու համար աղաչել, և երախտապարտ մնալ՝ կարծեմ քիչ մը զարմանալի է...:


Տասնևհինգ օրվան համար դադարված Սթամպուլ լրագիրն յուր պայմանաժամը լրացնելով երկու օրվան մեջ՝ այսօր վերստին հրատարակվիլ սկսավ։


Արևելյան Րումելիի ընդհանուր կառավարիչ Ալեքո փաշան յուր ամուսնույն հետ մայրաքաղաքս եկավ։ Կը զրուցվի թե Արևելյան Րումելի Պուլղարիո հետ պիտի միանա և Պուլղարիո իշխանը Ֆիլիպե պիտի փոխադրե յուր աթոռը։


Աղոթենք, որ այս միացումն մեր ընկերություններուն միացման պես դժվարություններու չհանդիպի...