Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գերմանական դեսպան Հացֆելտ կոմսն այսօր Բ. Դռան պիտի ներկայացնե դեսպանախորհրդին ծանուցագիրն։


Քաղաքապետությունն ծանուցադիրներուն վրա տուրք մը դնելու է՝ որ խալսինք անոնց ձեռքեն...


Կ. Պոլիս, 1 հուլիս, 1880

Անաքսաքորաս կըսե, թե բնության մեջ դատարկություն չկա։


Ես կըսեմ, թե բնության մեջ դատարկություն կա։


Մի՛ կարծեք թե հակառակ խոսած ըլլալու համար Անաքսաքորասի կարծիքը չեմ ընդունիր. երեսփոխան չեմ, փառք Աստուծո։


Այո՛, պարոսներ, Անաքսաքորասի կարծիքեն չեմ... և Անաքսաքորաս ալ վշտանալու չէ. վասնզի Անաքսաքորաս գիտնալու է, թե Անաքսաքորասի դարն անցած է, թե Անաքսաքորասին մտիկ ընող չկա և թե ամեն մարդ Անաքսաքորասի պես իրավունք ունի յուր կարծիքը հայտնելու։ Կարծիքներն շատ ազատ են այժմ, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի այսօր առանց կարմրելու սևին ճերմակ և ճերմակին սև ըսելու։ Ես ալ կը վայելեմ այդ իրավունքը, բայց խղճմտանքի տեր ըլլալով՝ կը կոչեմ անձերն և իրերն այնպես՝ ինչպես որ կերևին ինձ. և եթե այս անձերն և իրերն չեն երևիր ինձ այնպես ինչպես որ են՝ հանցանքն իմս չէ։


Ինչ փաստ ունի այս Անաքսաքորասը պնդելու համար, թե բնության մեջ դատարկություն չկա. ինչո՞ւ անգամ մը աչքե չէ անցուցած մեր երեսփոխանական ժողովո ատենագրություններն՝ համոզվելու համար, թե բնության մեջ որչափ դատարկ խոսքեր կան։ Թողունք զայս։ Պարոն Անաքսաքորաս կը հաճի արդյոք քիչ մը գլուխն երկնցնել և մեր կառավարության գանձին մեջ նայել տեսնելու համար թե բնության մեջ որչափ դատարկ սնդուկներ կան, սնդուկներ մանավանդ, որ լեցվելու նպատակով միայն շինված են։


Չեմ կարծեր, թե Անաքսաքորաս յուր կարծիքն փոխե, բայց ես ալ կը հարցնեմ իրեն, եթե մեր կառավարության