Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սնդուկը դատարկ չէր՝ ինչո՞ւ այսօր գերմանացի ելմտագետ մը եկավ Պերլինեն՝ մեր գանձին վիճակը կանոնավորելու համար։


Անուրանալի ճշմարտություն մէ, որ մեր գանձն այսօր շատ խեղճ վիճակի մեջ է. անոթի ժողովուրդն անոր բարեկարգվելուն կսպասե անհամբեր, որ շնորհակալության գիր մը գրելով հիշյալ ելմտագետին դիմե և ներկայացնե անոր յուր... գրպանները։


Սակայն կետ մը կա, որ իմ զարմանքս կը գրավե, և այն կետն ալ սա է, որ եթե այս գերմանացին դատարկ գանձերը լեցնելու մասին այն չափ վարպետ է՝ Գերմանիան ինչո՞ւ այդ գերմանացին իրեն գանձին համար չպահեր։


Բայց պարոն Անաքսաքորաս միշտ կը պնդե կրկնելով.


«Բնության մեջ դատարկություն չկա, ամեն բան լի է»։


Այո՛, լի է... բայց դատարկությամբ...


Պոլսո մեջ մարդս կամ քիչ մը հավատք ունենալու է կամ քիչ մը դդում... Վա՜յ անոր, որ ո՛չ հավատք ունի և ո՛չ դդում, այնպիսին տգետ է, անպիտան է, աշխարհիս ծաղրն յուր վրա շարժելու համար ստեղծված էակ մ՝է։


Ընթերցողը գուշակեց անշուշտ, որ ծովու լոգարաններու վրա պիտի խոսիմ։


Հին հույներու մեջ լողալն այնքան սովորական էր, որ մեկու մը տգետ ըլլալն հասկցնելու համար կ՝ըսեին. Ահա մարդ մը, որ ո՛չ կարդալ գիտե և ո՛չ լողալ, ինչպես որ թուրքերն ալ այդ իմաստով հետևյալ առածը կը գործածեն, ահա պաշտոնյա մը, որ ո՛չ գրել գիտե և ո՛չ կաշառք ուտել, սակայն մտքես չէր անցներ բնավ, որ լուսավորյալ դարուս մեջ ալ լողալու արհեստը չգիտնալը մոլություն համարվեր և իբր այն՝ ժողովրդյան ծաղու նշավակ ըլլար:


Դիպվածով գտնվեցա այսօր լոգարան մը՝ ուր բազմաթիվ հանդիսականներ ավազանին շուրջն աթոռակներու վրա բազմած՝ ավագանի մեջ նետվողները կը դիտեին։ Մեծն Վարդան ողբերգությունն այսչափ հանդիսական տեսած չուներ։ Այս