Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բազմությունը տեսնելով՝ ինքնիրենս կըսեի. «Մեր ազգայինները թատրոնի վարժեցնելու համար հարկ անհրաժեշտ Է, որ թատերաբեմերու վրա լոգարաններ շինվին և դերասաններն ու դերասանուհիները լոգարաններու մեջ մտնեն և հոն կատարեն իրենց դերերը»։


Անոնք, որ Պետրոս առաքյալի պես հավատք ունեին՝ մեծ հաջողությամբ կը սողային ջուրին վրա և բուռն ծափահարություններ կընդունեին, ինչպես նաև անոնք, որ դդում ունեին իրենց թևերուն վրա՝ ջուրին երեսը կը մնային և հանդիսականներու կողմե կը քաջալերվեին. իսկ անոնք, որ ո՛չ հավատք ունեին և ո՛չ դդում՝ ջուրին տակը կերթային և մեծ դժվարությամբ դուրս կը հանեին իրենց գլուխն... հանդիսականներու՝ քահքահաձայն ծաղու ունկնդիր ըլլալու համար... Խղճիս դպավ այս տեսարանն և դուրս ելա. սակայն քանի մը քայլ առնելես ետքը համոզվեցա, թե միայն լոգարաններու մեջ տեղի չունենար այս ծաղրն և թե լոգարանեն դուրս ալ ամեն անհատ, ամեն տնօրենություն, ամեն կառավարություն իրեն ասպարեզ ընտրած ծովու մեջ՝ ջուրին երեսը մնալու համար՝ դդումի պետք ունի։ Այս համոզումե մղված՝ որոշեցի դդում կապել.

Ա. Ապետին փաշայի թևերուն,
Բ. Մեր թաղային վարժարաններուն,
Գ. Միացյալ ընկերութեան գործադիր ժողովույն,
Դ. Մասիսի մեջ Վոլնեի Ավերակք-ի թարգմանիչին,
Ե. Երևանու Պսակին,
Զ. Թուրքիո զրահավոր նավերուն,
է. Ծաղկաքաղ արհեստից և գիտությանց անուն հանդեսին։

Բայց ինչ կընեմ ես. այսպես մի առ մի թվելով տասը հատոր Փորս կը լեցունեմ. համառոտեմ խոսքս և ըսեմ. Մեր երկրին չորս կողմը դդումներ կապելու է, որ կարողանա ջուրին երեսը մնալ, օտարներու ծիծաղեն խալսիլ և ապրիլ յուր պարունակած այլ և այլ ժողովուրդներով...։