Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
2 հուլիս

Մայրաքաղաքիս մեջ ամեն օր գողության դեպքեր կը պատահին։ Երեկ Հույն մը և ոստիկան մը աճապարանոք ոստիկանության դռնեն ներս կը մտնեին։


Խուռն բազմություն մը կեցած էր դռան առջև. ամեն մարդ գիտեր, թե գողության դեպք մը տեղի ունեցած էր, բայց ոչ ոք գիտեր, թե ոստիկանն ձերբակալած էր հույնն, թե հույնը ձերբակալած էր ոստիկանը։


Այսօր ստուգվեցավ, որ գողության հեղինակն ոստիկանն է եղեր... ի՜նչ փոփոխություն... ատեն մը ոստիկանները կը ձերբակալեին գողերը, իսկ այժմ գողեր կը ձերբակալեն ոստիկանները։


3 հուլիս

Քյուրտերու պաշտոնական լրագիր Թերնեմանը Հաքքաթ, որ յուր քաղաքական տասնևվեց բունթո հոդվածներով մեծ ծառայություն կը մատուցանե քյուրտերու կը հայտնե թե Հայաստանի մեջ ըլլալիք բարենորոգումներն մեծ հուզում պատճառած են քյուրտերու և թե կառավարությունը հեռագրով անոնց սիրտը հանդարտեցուցած է։


Ապագա բարենորոգումներու զրույցն եթե այսչափ հուզում պատճառե՝ եթե բարենորոգումները գործադրվիլ սկսին՝ ո՞րչափ հուզում պիտի պատճառեն արդյոք։


Թերճեման քաշված հեռագրին պատճենը չհրատարակեր, որ մենք ալ կարդայինք, բայց հավանականաբար հետևյալն ըլլալու է.


«Քյուրտեր, հանգիստ եղեք, ազատ եք, ինչպես և երբ որ ուզեք՝ հայերու ստացվածքն, կյանքն և պատիվը բռնաբարելու. բարենորոգում չպիտի ըլլա հոս. եթե երբեմն երբեմն մեր բերնեն բարենորոգում բառը լսեք՝ մի՛ հավատաք, Եվրոպան խաբելու համար կը գործածենք զայն։ Դուք ձեր գործին նայեցեք և բնավ հոգ մի ընեք, օսմանյան բարեխնամ կառավարությունը զձեզ չզրկեր և ո՛չ մեկ բանե մը»։


Այս իմաստով հեռագիր մը միայն կարող է քյուրտերը հանդարտեցնել։