Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ մը խնդիրներ կան, որ անասուններու մեջ լուծված են և մարդերու մեջ դեռ վիճաբանության տակ են։


Լեզվի խնդիրր, օրինակի համար։

Չպիտի քննեմ, թե ոչխարը գրաբար կը խոսի թե աշխարհաբար, թե գավառաբարբառներ ունի՝ թե ոչ, թե ոչխարի լեզուն հնդիկ-եվրոպական է թե ոչ. ասոնք քննելու բնավ պետք չունիմ. վասնզի Բաղիշի մեջ ծնած ոչխարին լեզուն շատ աղեկ կը հասկնա այն ոչխարը, որու հայրենիքն է Սպանիան, մինչդեռ մշեցիի մը հայերենը չհասկնար Պոլսո հայն, որու լեզուն չհասկնար վանեցի հայն, որու լեզուն չհասկնար և այլն և այլն։


Այս խառնաշփոթ լեզուներուն վրա ավելցո՛ւր նաև այն հայերեն լեզուներն, որք ամեն օր կը շինվին և ամեն օր կը կործանվին, այն ատեն դու ալ ինձի պես երջանիկ պիտի գտնես գրականությունն անասուններու, որոց յուրաքանչյուր տեսակն յուր տեսակի լեզուն կը հասկնա։


Այս տողերուն պատճառ տվավ այն առիթն, զոր այսօր ունեցա Վանա գյուղերեն նոր եկած ճամբորդի մը հետ տեսնվելու։ Աովու վրա տեղեկություն հարցուցի իրեն, և ան ալ պատասխանեց ինձի շատ մը բառերով, որոնց և ոչ մին հասկցա, բացի մաշլախ բառեն...


5 հուլիս

Առատ-առատ նոթաներ, բայց մուզիքային ձայնը չլսվեցավ դեռ... Դեսպաններն ամեն օր նոթաներ կը խմբագրեն և Բ. Դռան կը ղրկեն։ Բ. պատուհանեն ալ այդ նոթաներուն նոթաներով կը պատասխանվի։


Բ. Դուռն այսօր դեսպաններուն նոթա մալ ղրկեց, որով կը ծանուցանե, թե անհնարին է իրեն Տուլչինիոն Քարատաղի հանձնել։


Վեց տերությունները կստիպեն զմեզ, որ բոլոր սահմանակից տերություններուն կամ իշխանություններուն մեյմեկ կտոր երկիր տանք։ «Տվեք այդ երկիրներն, որ, կըսեն, Թուրքիո ամբողջությունը պահպանենք... ձեզի համար մեծ բարիք է, որ այդ երկիրները ձեռքե հանեք... Պերլինի դաշնադրու-