Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան առջև մոմ վառելու եք, որ ձեր իրավունքները հզորապես պաշտպանեց»։


Կեցցե՜ն պաշտպանք Թուրքիո...


Դեսպաններն այսօր նոր ժողովք ըրին հայկական խնդրույն համար։


Անգղիո և Ֆրանսիայի դեսպանները մեյմեկ ծրագիր պիտի պատրաստեն։


Ժողովրդյան մեջ ոմանք կը պնդեն, թե Ֆրանսիայի դեսպանին ծրագիրն պիտի ընդունվի, ոմանք ալ կը պնդեն, թե Անգղիո դեսպանին ծրագիրը պիտի ընդունվի. ես կը պնդեմ, թե և ոչ մին պիտի ընդունվի։ Հայ կուսակալ մը դնելու զրույցըն երթալով հաստատություն կը գտնե։


6 հուլիս

Ամենապատիվ սրբազան պատրիարքն այսօր պատարագ ըրավ Ղալաթիա, որու եկեղեցվույն տոնախմբության օրն էր։


Շատ մը գողեր ուխտավորներեն ստակ գողցան։


Գողերեն մին, որ հայ էր, ձերբակալվեցավ։ Քանի մը ազգայիններ հարց ու փորձ ըրին զինքն.


— Ուսկի՞ց առիր աս երկու մենիտիեն:


— Գանձանակեն առի։


— Ինչո՞ւ առիր։


— Ի՞նչ կըլլա եղեր առնելով։


— Գողություն եղած կըլլա։


— Ես գող չեմ։


— Ինչո՞ւ առիր և գրպանդ դրիր։


— Նախորդ Թաղական Խորհրդո անդամներեն եմ ես։


— Սուտ կը խոսիս, դու բնավ Թաղական Խորհրդո անդամ եղած չես. բայց ենթադրելով թե եղած ես, ի՞նչ ըսել կուզես։


— Սա ըսել կուզեմ, որ Թաղական Խորհրդո անդամ մը կարող է այդպիսի բան մը ընել առանց գող ըսվելու։