Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց մեծ զոհողություններ պետք է, կարո՞ղ եք դիմանալ։


— Կարող ենք, անոթի կմնանք և կը պատերազմինք, առաջ Աստված։


Այս պատասխանները տվին գրեթե բոլոր ազգին գլուխներն, որք ուրիշ կերպով չէին կարող պատասխանել, կը քարկոծվեր, եթե հանդգներ մեկն ըսել չպատերազմինք։


Այս օրերս զրույց կը պտըտե, թե նմանօրինակ ընդհանուր ժողով մը պիտի գումարվի և կարծիք պիտի հարցվի եղեր, թե Հունաստանի դեմ պատերազմելո՞ւ է թե չէ։


Եթե հաղթող ելնենք, ի՜նչ պիտի շահինք, խնդիրը հոս է։


Եվրոպան մեզի պիտի ըսե.


«Մեծ քաջությամբ կռվեցաք և Հունաստանին հաղթեցիք, ապրիք, բայց որովհետև Հունաստանը մեծ վնաս ըրավ՝ ուստի պետք է, որ դեսպանախորհրդո որոշած տեղերեն զատ ուրիշ քանի մը մեծ քաղաքներ ալ տանք խեղճին, որ վնասը գոցվի»։


Որչափ շատ հաղթենք՝ այնչափ շատ տեղ կը կորսնցնենք և միշտ պատերազմել կուզենք...


11 հուլիս

Ազգային երեսփոխանական ժողովը բացվեցավ։


Ամենապատիվ սրբազան Պատրիարքը ներկա չէր։


Ո՞վ բացավ ուրեմն ժողովը։


— Ոչ ոք... ինքնիրմե բացվեցավ։


Սրբաղան Պատրիարքն նամակ մը գրելով Ւզմիրլյանի հայտնած էր թե տկարության պատճառավ չէր կարողացած ժողովույն ներկա գտնվիլ, թե Աստծո ողորմությամբը հայկական խնդիրեն հուսահատ չէր, թե տկարության պատճառավ ամիսե մի ի վեր Պատրիարքարան գնացած չէր և ասկե ետքն ալ երթալու ժամանակ չուներ և վերջապես հրաժարական տալով կը կնքեր նամակն։


Իզմիրլյան այս նամակն կարդաց, և ատյանը... գոցվեցավ դիվանի ընտրութենե ետքը։