Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկական խնդրեն չհուսահատիլն ամենուն ուրախություն պատճառեց, բայց Աստուծո ողորմությունը քիչ մը տրտմեցուր ժողովուրդը։


12 հուլիս

Կարնո մեջ անհամաձայնություն երկու առաջնորդներու մեջ տեղ։


Հռովմեական ազգայիններու առաջնորդ Մելքիսեդեկ գերապայծառը կը պնդե եղեր՝ տեղվույն կառավարության ժողովներու մեջ գերապատիվ Օրմանյանե վեր նստել և թուղթերն անկե առաջ ստորագրել։


Գերապատիվ Մաղաքիա վարդապետ Օրմանյան կը բողոքե և ժողովեն դուրս կելնե առանց ստորագրելու։


Եթե ես Օրմանյանի տեղ ըլլայի, երբ կը տեսնեի, որ Մելիքսեդեկ իմ տեղս նստած է՝ ես ալ կելնեի անոր կռնակը կը նստեի...։ Նստելու վերաբերյալ խնդիրներն լուծելու կարճ ճանբան աս է։


Վանա Պողոս վարդապետը եպիսկոպոսության աստիճան բարձրանալ կը փափագի եղեր, և Պատրիարքարանը Խրիմյանի կը հարցունե, թե այդ մարդն արժանի է եպիսկոպոսության։ Հայտնի է, որ այս վարդապետին ի՞նչ ըլլալը քսան տարիե ի վեր ազգին հասկցուցած է Խրիմյան, և այս պատճառավ հալածված է հիշյալ վարդապետեն և անոր արբանյակներեն. արդ, ի՞նչ կը նշանակե Սրբազան Պատրիարքին այս մասին Խրիմյանե տեղեկություն ուզելն։


Զարմանալի բան... որպես թե բոլոր եպիսկոպոս ձեռնադրվածներն արժանի լինեին եպիսկոպոսության...


13 հուլիս

Ստույգ վիճակագրության մը նայելով՝ Պոլսո հայերն այսօր ունին երեք հազար չորս հարյուր գինետուն, երեք գրավաճառի խանութ, հազար երկու հարյուր պարի դասատու, հինգ հայկաբանության դասատու, երկու հազար զբոսարան,