Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեք թանգարան, չորս հագար ծրար խաղի թուղթ, հինգ լրագիր։


Եվ այս վիճակա դրությունը հերիք է Պոլսո հայերու բարոյական վիճակը ցույց տալու։


Տրապիզոնեն շարունակ զորք կուգա հոս... շատ ապացույցներ ունինք հավատալու, որ մեր կառավարությունն Հունաստանի դեմ պիտի պատերազմի։


Լրագիր մը կը ծանուցանե, որ Քարատաղի և ալպանիացիներու մեջ տեղ պզտիկ կռիվներ տեղի ունեցած են:


Ուրիշ լրագիր մալ կը ծանուցանե, թե Քարատաղի և ալպանիացիներու մեջ տեղ կռիվներ տեղի ունեցած չեն։


Պոլսո մեջ լրագիր մը պետք է, որուն պաշտոնն ըլլա միայն սուտ լուրերը հերքել։


14 Հուլիս

Այսօր Պոլիս եկավ պարոն սըռ Ռիվըրս Ուիլսն, որ ասկե առաջ Եգիպտոսի ելմտական վիճակը բարվոքելու համար Անգղիայեն պատվիրակ գնացած էր Գահիրե։


Այլ այլ մեկնություններ կը տրվին այս անձին հոս գալուն վրա։


Եթե քանի մը օրեն մեկնի՝ նորեն մեկնություններ պիտի տրվին։


Խմբագիրներն իրենց լրագիրները քշելու համար այն տեսակ լուրեր միայն կուտան, զորս ժողովուրդը մեծ հաճությամբ կը կարդա։


Վեց տերություններն նավային ցույց մը ընել որոշած են՝ իրենց որոշումներն Բ. Դռան գործադրել տալու համար։


Բ. Դուռն այս նավային ցույցին առաջքն առնելու ճանբա մը գտնելու նպատակավ, բոլոր նախարարներն ժողով հրավիրելով որոշեց՝ Մեքկեեն վեց կախարդներ բերել տալ որպեսզի կարդան, դևերը հրավիրեն և վեց տերություններու մեջ անհամաձայնություն գոյացունեն։