Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առայժմ դևերու տեղ մարախներ թափվեցան մայրաքաղաքիս մեջ, որոնց մեկ մասը անոթութենե մեռավ և մյուս մասն ալ սնունդ չգտնելուն պատճառավ Ասիո կողմն անցավ:


15 հուլիս

Լրագրի մը մեջ հետևյալը կը կարդամ.


«Բ. Դուռն պատերազմական նախարարին խնդրանոք հրաման ղրկած է գավառական իշխանություններուն, որ յուրաքանչյուր գավառի մեջ գտնված ձիերուն վիճակագրությունը շինելով Բ. Դռան ղրկեն»։


Հապա պայտերու վիճակագրությո՞ւնը։


Վերջին պատերազմեն դարձող ձիերուն մեծ մասը պայտ չունեին։


Ինչ որ գուշակած էի անցյալ ամսու առաջին օրը՝ այս ամսու տասնըհինգին կատարվեցավ։


Ըսած էի պարոն Գ. Ապտուլլահ վառվռուն երիտասարդի համար կամ քառատասարգի համար, թե չպիտի կարողանա Միացյալ ընկերության գործադիր ժողովո մեջ ատենապետության պաշտոն վարել և թե ինքն արժանավորություն ունի ատենապետություն ընել այնպիսի ժողովո մը, որու պաշտոն լինի շենքեր կառուցանել օդին մեջ։


Մարգարեությունս կատարվեցավ, քառսունհինգ օր շարունակ վիճաբանելեն ետք գործադիր ժողովո անդամներն հրաժարական տվին։ Իրենց հրաժարականն ընդունվեցավ, և ուրիշ գործադիր ժողով մը ընտրվեցավ։


Այժմյան գործադիր ժողովը պաշտոնեության ձևով կազմվեցավ, պարոն Հովհաննես Թորոսյանի հանձնվեցավ, որ յուր ուզած անձերեն գործադիր ժողով մը կազմե, և այս անձն ալ կազմեց զայն այն անձերեն, զորս ուզելու հարկադրված էր... Արգո հասարակությունն համոզվեցավ, թե շահախնդրությունն էր և է անմիաբանության պատճառն, և միաբանությունն այն ատեն յուր դրոշը պիտի պարզե, երբ գործադիր ժողովո յուրաքանչյուր անդամն ընկերութենեն շահ