Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՆԴԻՐ

<11>

Հավելվածներուն վերջը եկավ։


Քանի մը լրագրաց ալ վերջը եկավ։


Մոռցանք ըսելու, որ կովկասյան պատերազմն ալ վերջացավ։


Ոմանք կըսեն թե՝ քանի մը խմբագիրներ քսակնին պարապ տեսնելնուն պես հավելված կը հանեն եղեր ու ժողովրրդյան ծառայություն ընելով անոր ստակր կառնեն եղեր։


Ապրի՜ն...


Կեցցե մամլո ազատություն...


Կեցցե՜ ազգասիրություն...


Ցավ է մեզ ըսել թե եթե խափանյալ լրագրաց խմբագիրներն չկարենան ինքզինքնին արդարացունել, իրենց ճակտին վրա անջնջելի արատ մը դրոշմած պիտի ըլլան։ Ուստի աղոթենք, որ ինքզինքնին արդարացնելու հաջողին և մաղթենք, որ ուրիշի մը խաբեության զոհ գացած ըլլան, և ոչ թե, ինչպես որ կըսվի քանի մը ոսկի շահելու համար ժողովրդյան մորուքին խնդալով՝ անոր ստակն առնելու նպատակավ իրենցմե սուտեր հնարած ըլլան։


Հիմակուհիմա ասկից ավելի չխոսելով կը դառնանք դադարյալ լրագրաց խմբագրաց Քաղաքական ժողովին տված պատասխանները հոս գրել ցույց տալու համար՝ թե որ աստիճան ստույգ են իրենց տված լուրերը։


— Լրագրի խմբագիրը դո՞ւք եք։


— Այ՛ո:


— Երևանեն նամակ առած եք եղեր։


— Այ՛ո:


— Կրնա՞նք տեսնալ։


— Ես չառի, բարեկամներես մեկն առեր էր:


— Այդ նամակը դուք տեսա՞ք։


— Ո՛չ, բարեկամս անոր ընդօրինակությունը ղրկած էր ինձի։