Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը հանե յուր անձին համար, և աս ալ հավանական չէ առ այժմ:


Արդ, ցավելով կը ծանուցանենք, թե Միացյալ ընկերությունն յուր համակրությունը կորուսած է. զայն գտնողին և տիրոջը դարձնողին մեծ վարձատրություն խոստացված է հոս։


16 հուլիս

Թերնեմանը Հաքըքաթ այս օրերս, ինչպես կըսե ռամիկն, ածուխ է կերած և հուր կը ժայթքե բերնեն։


Ի՞նչ իրավունքով, կըսե այս լրագիրն, Ավստրիո կառավարությունն թերթիս Պոսնա և Հերսեկ մտնելը կարգելու... միթե այս քաղաքները օսմանյան բարեխնամ կառավարության չեն։


Չգիտենք թե այս հարցումն որու կուղղե. եթե ինձի ուղղած ըլլար ես հետևյալ պատասխանը կուտայի.


«Բարեկամ, Ավստրիո կառավարությունն քանի որ առժամանակյա կերպով տեր եղած է այդ քաղաքներուն՝ առժամանակյա կերպով կ՝արգելու քու թերթիդ հոն մտնելը։ Սա ալ մոռնալու չէ, որ քաղաքագիտության մեջ առժամանակյան մշտնջենավոր կը նշանակե։


Օրենքը մեծ խստությամբ կը դործադրվի Պարսկաստանի մեջ։


Հիշյալ կառավարության ներքին գործերու պաշտոնյան՝ որոշված գնեն բարձր գնով ուտելիք ծախողներուն ականջը կտրած է։ Ականջը խոսի։


Այս պատիժն հոս ալ կարելի էր գործադրել եթե ծախողները հարյուրական ականջ ունենային։ Եթե այսպես լիներ՝ օրն անոնց յուրաքանչյուրեն տասնական ականջ կը կտրեինք, տասն օրվա մեջ կարող կը լինեինք թերևս զանոնք ուղղության հրավիրել։ Մեր ծախողներն միշտ այնչափ բարձր գիներով կը ծախեն, որ այդ հաշվով իրենց երկու ականջը կես Ժամվան մեջ կը կորուսին, վերջը ի՞նչ պատիժ տալու է: