Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես կը կարծեմ, թե այս մարդը կտավի վաճառական մէ և մեր ազգայիններեն մեկեն վնաս տեսած է առուտուրի մեջ, ուստի կտավին վրեժը հայկական խնդիրեն կը լուծե...


18 Հուլիս

Այսօր նորեն գումարվեցավ Ազգային երեսփոխանական՝ ժողովը։


Այսօր նորեն բացակա գտնվեցավ սրբազան Պատրիարք հայրը, տկարության պատճառավ։ Երեսփոխաններեն շատերը ներկա չէին իրենց... քաջառողջությանը պատճառավ։ Անոնք միայն ներկա էին, որ թեթև հարբուխ ունեին։


Դիվանի նորընտիր անդամները միաբերան հրաժարական տվին. սրբազան Պատրիարքին պիտի հանձնարարեն, որ դիվանին անդամներուն երթա և աղաչե, որ իրենց պաշտոնը ազգասիրաբար կատարեն։


Ազգային ժողովո մեջ պաշտոն հանձն առնելն ալ ձևեր ունի, ինչպես տուներու մեջ խահվե կամ թեյ խմելը.


— Հրամմեցե՛ք, առե՛ք ձեր թեյը։


— Շնորհակալ եմ, ես չեմ ուզեր։


— Աաղաչեմ, ընդունեցե՛ք։


— Դուք հրամմեցեք։


— Ես ալ պիտի առնեմ։


— Եթե դուք առնեք՝ ես ալ կ՝ընդունեմ։


Եվ թեյը վերջապես կը խմվի...


Իմ կողմես հարցապնդում մը երեսփոխանական ժողովույն.


— Ծովուն տակը չերթալու համար շատերը դդում կը կապեն իրենց թևերուն վրա. երկինք չհամբառնալու համար թեթևներն ինչո՞ւ համար կապար չեն կապեր իրենց ոտներուն, երբ ցամաքի վրա գտնվին։