Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
21 հուլիս

Ջերմաչափն այսօր շուքի մեջ քառասունմեկերորդ աստիճան կը ցցունե։


Այս տաքությունն կարծես հերիք չէր, և ահա կառավարութիւնն Պայազեդի հրապարակին վրա դարձյալ մեծ քանակությամբ թղթադրամ այրեց։


Ավելի լավ չէ՞ր լինի, որ կառավարսւթյունն ձմեռվան պահեր այրվելիք թղթադրամները, որպեսզի ձմեռվան ցուրտ օրերուն մեջ խեղճ և աղքատ ժողովուրդը քիչ մը տաքնար։


Մեկ կողմեն ալ կը խորհինք, որ կառավարությունն մեծ շռայլություն մը կընե այսպես մոխիր դարձունելով յուր թղթադրամները, որոնք կրնան վառարաններու մեջ գործածվիլ:


Ես, որ տարին յոթը ոսկի կուտամ փայտի և ածուխի համար, երկու միլիոն թղթադրամ ի համար սիրով կը վթարեմ չորս ոսկի, և այդ քանակությամբ թղթադրամով տարի մը թե՛ կը տաքնամ, թե՛ կերակուրներս կեփեմ և թե՛ լաթերս լվանալ կուտամ։ Ուրիշներն ալ ծախու կառնեն ինձի պես, և կառավարությունն ալ շահ մը կը գոյացնե։


Փառք նախախնամության, թղթադրամներն այնչափ առատ են, որ քսան տարի կրնան գոհ ընել Պոլսո ժողովուրդը...


22 հուլիս

Մեծ անիրավությո՜ւն մը...


Սիկիլիո Քաթանա քաղաքին օսմանյան գերապատիվ հյուպատոսն տեղվույն դատական իշխանության կողմե բանտարկված է։


Ինչո՞ւ։


Վասնզի այս գերապատիվ հյուպատոսն մասնակցած է գողության մը, որ ասկից առաջ տեղի ունեցավ Հռոմի ազգային թանքայի մեջ։


Մեր պաշտոնյաները շատ սրդողած են այս բանտարկության դեմ, և կը զրուցվի թե այս օրերս բողոք մը պատրաստելու վրա են, հարցնելու համար, թե օտար կառավարություն-