Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա խումը մը բժիշկներ, որ հիվանդի մը քով կերթան և անոր հիվանդությանը անմիջական դարմանի պետք ըլլալն զգալեն ետքը, որոշում կուտան, որ տասնհինգ օրեն ետքը միանան և հիվանդությանը վրա խորհրդակցին...։


26 հուլիս

Սերվիան ալ զինվորական պատրաստություններ կընե. արդյոք սա՞ ալ յուր սահմաններեն գոհ չէ։


Գիտեք, որ սահմանեն գոհ չեղողը միշտ մեզի կը վազե. քանի մը տարիե իվեր օտար կառավարություններուն սահմանները ուղղելեն ուրիշ գործ տեսած չունինք և մինչև որ ամեն մարդ յուր սահմանեն գոհ չլինի՝ հանգիստ քնանալիք չունինք։


Բ. Դուռը հարցուց Սերվիային, թե ինչ կը նշանակեն այդ պատրաստությունները։ Սերվիան պատասխանեց, թե ոչինչ կը նշանակեն։


Անցյալ անգամ ալ այս պատասխանը տված էր Սերվիան, և մեր կառավարությունն ալ այդ պատասխանով գոհ եղած էր:


28 հուլիս

Պատերազմական նախարար Հյուսեին Հյուսնի փաշան քանի մը օրեն Ալպանիա պիտի երթա Տուլչինիոն Քարատաղի հանձնելու համար։


Արդյոք Յանյան ալ Հունաստանի հանձնելու համար առաջին նախարարն պիտի երթա, թե ամենքս մեկանը պիտի երթանք։


29 հուլիս

Մարդասեր մեկը չկա, որ մեզի հիսուն հազար ոսկի փոխ տա...


Բամազանի առթիվ ամսական վճարելու համար ելմտական նախարարությունը քանի մօրե ի վեր Ղալաթիո փողոցները պտըտեցավ, որ սեղանավորներեն հիսուն հազար ոսկվո փոխառություն մը ընե, և չհաջողեցավ։