Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Կ. Պոյիս, 1 օգոստոս, 1880

Մարախներն որ անցյալ ամիս մայրաքաղաքիս մեջ թափվեցան և ուտելու բան չցանելով Ասիա անցան՝ Պիլեճիկի կողմերն գացած են և բոլոր հունձերն ավրշտկած են հոն։


Այդ տեղի բնակիչներր հետին ծայր դժբախտության մեջ ինկած՝ գաղթելու կը պատրաստվին։


Հրաշք չե՞ք համարիր, եթե իմացունեմ ձեզ, թե այդ կողմի հայերեն այս մասին հանրադրություն մը եկած չէ Պատրիարքարան հետևյալ իմաստով։


«Մարախները մեր գյուղերուն վրա հարձակեցան և մեծ վնաս տվին հունձերուն. ստացվածքի ապահովություն չկա... հակառակ Պերլինի դաշնագրույն 61-րդ հոդվածին։ Կաղաչենք, բարեխնամ կառավարության ուշադրությունն. հրավիրեցեք այս գազանաբարո և կրոնամոլ մարախներուն վրա և անոնց պատժվիլը խնդրեցե՛ք։ Զարմանալին այն է, թե այս բարբարոս մարախներն կը համարձակին տեղվույս վսեմափայլ կուսակալին առջև հասցունել մեզ այս չարիքներն, և վսեմափայլ կուսակալն բոլորովին անտարբեր՝ ոստիկան մ՝անգամ չղրկեց զանոնք ձերբակալելու համար։ Զրույց կա թե կուսակալին թելադրությամբն է որ մարախներն այսպես կը հարստահարեն զմեզ։ Անհապաղ оգնություն ղրկեցեք մեզ, ապա թե ոչ պիտի փոխենք մեր կրոնը»։


Անշուշտ իբրև հրաշք, այսինքն իբրև բնականեն դուրս իրողություն մը նկատելու է այս լռությունն, զոր կը պահեն Պիլեճիկի հայերը մարախներու նկատմամբ, երբ խորհինք մի անգամ, որ գավառացի հույն ամեն օդնություն Պատրիարքարանեն կը սպասե։ Եթե քյուրտե մը կամ չերքեզե մը հափշտակվի անոր շորը՝ անմիջապես կը հեռագրե Պատրիարքարան, որ շոր ղրկվի իրեն, սպառնալով միանգամայն, որ կրոնքը պիտի փոխե՝ եթե յուր խնդիրը մերժվի Պատիարքարանեն։


Վա՛յ այն մարդուն կրոնքին, որ շորեն կախում ունի...


Մենք ալ կը հավանինք ընդունելու, թե գավառացի հայն ունի բազում պատճառներ, որովք անհնար կը լինի իրեն ինքզինքը պաշտպանել քյուրտի կամ չերքեզի դեմ, և այս պատճառներն այ այնքան ծանոթ են, որ զանոնք մի առ մի հոս նշանակելն անօգուտ աշխատություն մը հանձն առնել է. սա-