Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բժիշկը կառաջնորդվի Ամբակում աղային սենյակը։


— Բարև, Ամբակում աղա, կըսե բժիշկը։


— Մեկ, երկու, երեք, կը պատասխանն Ամբակում աղան, որ ավելի կոթ մը բռնած՝ վարժություն կընե։


— Ինչպես եք, Ամբակում աղա։


— Մի ձախ, մի հաջ...


— Ձեզի խոսք մը ունեի ըս...


— Հապո՜ն հառաջ, կը գոչե Ամբակում աղան և այնպիսի արագությամբ մը կանցնի բժշկին քովեն, որ Ասկղեպիոսին աշակերտը գետին կիյնա։


Բժիշկը վար կերթա և Ամբակում աղային տիկնոջը կըսե.


— Ամուսնույդ ուղեղը վնասված է։


— Խելագարա՞ծ է։


— Գրեթե:


— Ի՞նչ կըսեք. հիմա խելքս կը թռցունեմ... ասոր մեկ ճարը։


— Ճա՞րը... կապելու և Փրկիչ տանելու է։


— Ըլլալու բան չէ... գոնե Ազգային երեսփոխանական ժողովը տանինք...


— Երեսփոխանական ժողովը հիմարանոց է։


— Ինչ գիտնամ, երեկ քրոջս տղան կըսեր, որ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ խենդ ու խելառ խոսքեր կընեն: Բայց, տեր բժիշկ, իմ ամուսինս խելագարելու պատճառ մը չուներ։


— Բանի մը վրա շատ մտածե՞ց։


— Բնավ երբեք։


— Մեծ վիշտ մը կրե՞ց։


— Ոչ:


— Խմբագրություն կընե։


— Ամենևին։


— Ֆրանսերենե հայերեն ընդարձակ բառարան մը կը հրատարակե՞։


— Ո՛չ, ո՛չ, ատանկ բաներ չըներ։


Չափազանց ուրախություն մը զգա՞ց մոտերս։