Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գրեթե քանի մը ատենե ի վեր միշտ ուրախ էր, ամեն օր կըսեր։ «Հայաստանի կուսակալ պիտի ըլլամ»։


— Խե՜ղճ մարդ։


— Խղճալի ամուսինս։


Բժիշկը դեղագիր մը կը գրե, այցելության վարձը կնդունի և կը մեկնի։


Ամբակում աղան կուգա և կը հրամայե, որ սեղանը պատրաստվի։


Ամբակում աղային ուղեղը վնասված չէ. անոր հիվանդությունն է՝ կուսակալության համար չափազանց սեր։


Կարծեմ ավելորդ կը լինի ըսել, թե եթե Հայաստանի ինքնօրինություն տրվի՝ յուրաքանչյուր գյուղին ութը հարյուր կուսակալ պիտի իյնա. ամենքս ալ կառավարող պիտի լինինք և կառավարելու համար Եվրոպայեն ժողովուրդներ բերել պիտի ստիպվինք։


3 օգոստոս

Նավային ցույցի համար զրույցներն երթալով կերթան և հաստատություն կը գտնեն։


Վեց տերությունները հաստատապես որոշած են զրահավորներ ղրկել Քարատաղի և Հունաստանի խնդիրներու լուծումը դյուրացնելու համար։


Անտարակուսելի է այսօր, որ տերությունները Հայաստանի խնդրույն համար ալ իրենց ազդեցությունը պիտի գործադրեն. բայց չգիտեմ թե Հայաստանի համար ի՞նչ ղրկել պիտի որոշեն։ Ես չեմ կարծեր, որ Հայաստանի համար ալ զրահավոր ղրկեն, վասնզի մեծ դժվարություններ կան՝ վեց տերություններուն ղրկելիք քսան զրահավորները...


Տերություններն թո՛ղ իրենց ուզածին պես վարվին. մենք միայն աղոթելու ենք, որ համաձայնությունն կարճատև չլինի ասոնց մեջ։


Բնավ չպիտի մոռնամ այն պատասխանն, զոր այսօր տվավ գավառացի հայ մը պոլսեցի հայու մը, որու կնկան հավատարմությունը կասկածելի է։