Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
14 օգոստոս

Պարոն Նորայր հարուստ ազգայինի մը թերթ մը կը ղրկե յուր ֆրանսերենե հայերեն բառարանեն, զոր մաս առ, մաս կը հրատարակե։


— Սա ի՞նչ է, կը պոռա հարուստ ազգայինը, այս բառարանն ի՞նչ ընեմ ես, ժամանա՞կ է հիմա ատանկ չնչին բաներու համար ստակ տալ, չեմ ուզեր, ետ դարձուցեք և ըսեք իրեն, որ մեյ մալ ասանկ բաներ չղրկե ինձի։ Ահա, պարոն գրագիր, քեզի ալ հատկապես կը պատվիրեմ, որ եթե իմ բացակայությանս ինձի համար գիրք կամ լրագիր բերելու ըլլան չընդունիք, ապա թե ոչ կը վռնտեմ զքեզ։


Ժամ մը կանցնի, ուրիշ մը կը մտնե՝ որսի շուն բերելովդ հետը։


— Ինձի՞ համար բերիք այդ շունը։


— Այո՛, տե՛ր։


— Ի՞նչպես է այդ շունն, աղե՞կ է։


— Շատ աղեկ ցեղեն է, ազնվական տոհմեն է։


— Ի՞նչ կուզեք ատոր համար։


— Չորս ոսկի։


— Երեք ոսկի տամ։ Պարոն գրագիր, սա շունն առ և տուն տար։


Եվ մեր գրագետները դեռ չեն ուզեր համոզվիլ, որ մեր հարուստներն ամեն բանի ստակ կուտան բացի լրագիրներե և գիրքերե։ Բացառություններ կան, բայց այնչափ հազվագյուտ են, որ արվեստահանդեսի մը ղրկելու համար պահած՛ եմ զանոնք։


15 օգոստոս

Բ. Դուռն նոր պայմանաժամ կը մուրա Տուլչինիոն Քարատաղի հանձնելու համար։


— Քանի մը օր պայմանաժամ։


— Աստված ողորմի։


— Ստակ մը չունիմ, քիչ մը պայմանաժամ ողորմեցեք:


— Բարի եկար։


— Տեր Աստված զձեզ փորձություններե ազատ պահե անոթի եմ, կտոր մը պայմանաժամ։