Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
21 օգոստոս

Կայսերական զորքերն այսօր մեծ ուրախության մեջ են։


Հունիսի ամսականն այսօր վճարվեցավ իրենց։


Թուրք լրագիրներն գոհությամբ կը հրատարակեն այս լուրն և չեն կարմրիր։


Թերևս ասոնք կը կարծեն, թե ուրիշ տերություններն իրենց զորքերուն ամսականներն չորս ամիս ետքը կը վճարեն։


Դեսպաններն նոր ծրագիր մը մատուցին Բ. Դռասն՝ Հայաստանի խնդրույն նկատմամբ։


Լրագիր մը կը ծանուցանե, թե Իրլանտիո մեկ քաղաքին մեջ մայր Աստվածածին հրաշքով երևցած է երկու հարյուր տղաներու։


Անցյալներն հոս ալ այնպիսի բան մը երևցավ, ո՛չ տղաներու, այլ մեծն Բրիտանիո դեսպան պարոն Կոշենի, սակայն քանի մը չարամիտ անձեր ըսին, թե պալատեն փախած կին մէր այն, որ թագուհվույն կառավարության Պոլսո դեսպանին ծունկներուն փարելով ազատություն խնդրած է։


22 օգոստոս

Տպագրական տեսչությունը թող կուտա թուրք լրագիրներուն, որ ամեն թշնամանք և զրպարտություն ընեն հայ և հույն Պատրիարքներուն, իսկ բնավ թույլ չտար, որ քրիստոնյա մամուլն թուրք մամլույն պատասխանե քաղաքավար լեզվավ։


Օսմանլի անուն լրագիրն Հիսուսի դեմ ալ հարձակվեցավ, և տպագրական տեսչությունն լռություն պահեց։


Իսկ երբ Նեոլողոս հույն լրագիրն Թերճեմանը Հաքըքաթի դեմ հույն Պատրիարքարանն պաշտպանել սկսավ՝ երկու ամսվան համար դադարեցավ տպագրական տեսչության կողմեն։


Ահա մամլո վերաբերությամբ հավասարությունն, զոր կը վայելենք Թուրքիո մեջ։