Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
23 օգոստոս

Սամսոնեն կը գրեն, թե կին մը ամսույս տասնհինգին զավակ մը բերած է, որուն կեսը մարդ և կեսը ձուկ է եղեր:


— Կեսը կտրելով տապակելու և ուտելու էին.


Այս հրեշը ծնանելեն քանի մը ժամ ետքը մեռած է։


Այս հրեշին ծնանելուն վրա չեմ զարմանար, բայց այնչափ վաղ մեռնելուն վրա կը խորհիմ։


Ինչո՞ւ։


Անոր համար, թե ինչպես կապրի ուրեմն մեր Ազգային երեսփոխանական ժողովն, որուն մեկ քառորդը մարդ և երեք քառորդը թութակ է։


Լոնտրայեն առնված հեռագրի մը նայելով սըռ Չարլզ Տիլք հարցման մը պատասխանելով ըսած է.


«Անգղիական կառավարությունն լուր առած է, որ քրտական միություն մը կազմելու զրույց կա, բայց ինքն անոր նպատակը չգիտեր, ոչ իսկ տեղյակ է, թե այդ գաղափարը Բ. Դռնեն կը քաջալերվի։ Իսկ եթե միության նպատակն քրիստոնյաներու դեմ թշնամական լինի՝ պարոն Կոչեն պետք եղած՝ դիտողություններն պիտի ընե Բ. Դռան»։


Կը խնդրենք պարոն Կոչենեն, որ այդ միության նպատակն քրիստոնյաներու դեմ թշնամական չեղած, պետք եղած՛ դիտողություններն ընե Բ. Դռան։


24 օգոստոս

Պայրամին առթիվ տրվելիք ամսականները վճարելու համար կառավարությունն Օսմանյան պանքայեն հիսունհինգ հազար ոսկվո փոխառություն մը ըրավ, Կիպրոսի եկամուտներն և քանի մը գավառներուն տասանորդներն երաշխավորություն տալով։


Եթե վաճառական մը յուր գրագիրներուն և գործակատարներուն ամսականները վճարելու համար յուր կալվածներն երաշխավորություն ցույց տար՝ անմիջապես յուր վարկը կը կորսուներ և սնանկացյալներու քով կերթար կը նստեր։