Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս ճառին մեջ թագուհին հիշելով, թե Հայաստանի հատուկ բարենորոգումներուն համար տերություններն իրենց դիտավորություններն հաղորդած են Բ. Դոան, կը հուսա որ առաջադրված նպատակին պիտի հասնին։


Ամեն անգամ որ մեր ազգային լրագիրներն այս իմաստով հոդվածներ կը հրատարակեն՝ Մանզումե լրագիրը կը պոռա. «Այդ լրագիրները ստախոս են, ժողովուրդը խաբելով ստակ շահելու համար կը հրատարակեն այդպիսի հոդվածներ»։


Ժամ է արդ, հարցունել Մանզումեի, թե Անգղիո թագուհի՞ն ալ հայերը սին հույսերով քնացնելու և անկե ստակ քաշելո՞ւ համար ըրած է այդ հայտարարությունն յուր ճառին մեջ։


Պետք է խոստովանիլ, թե հայկական խնդրույն եվրոպական լրագիրներուն և մանավանդ Անգղիո խորհրդարանին մեջ մուտքն արդյունք է այն անխոնջ ջանքերու, զորս ի գործ դրած են Պատրիարքը, հայ գրագետներն և Լոնդրայի ազգայինները։ Թող Մանզումե այդպես հավատա, թե հայկական խնդիրն ինքն իրմե ծագեցավ, ինքնիրմե մտավ եվրոպական լրագիրներու և Անգղիո խորհրդարանին մեջ։ Իսկ եթե իրմե զատ ուրիշ հավատացող մը գտնե՝ թող բարեհաճի զայն ցույց տալ մեզ։


29 օգոստոս

Չեմ հիշեր, Հայաստանի որ կողմը քայմաքամ մը յուր պաշտօնատեղին գնացած ժամանակը ավազակներե կողոպտվեր է։


Ավազակներն իրենց պաշտոնակիցը մերկացնելով ըսած են անոր.


Մեզի դեմ միշտ գանգատներ կը գրվին Կ. Պոլիս, իսկ քեզի համար շնորհակալության նամակներ, մինչդեռ դու և մենք միևնույն արհեստը կը գործածենք տարբեր եղանակներով։


Հայմաքամը խոսք տալով, որ անոնց ալ քայմաքամություն մը տրվելուն համար պիտի աշխատի՝ օձիքը կազատե։