Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


30 օգոստոս

Ալպանիացիները որոշած են դիմադրություն ընել նավային ցույցին, որ այսօր կամ վաղը տեղի պիտի ունենա։


31 օգոստոս

Նավային ցույցը չգործադրվեցավ այսօր։


Առավոտ. առաջին նախարար անվանվեցավ նախորդ առաջին նախարար Սայիտ փաշան, որ նշանավոր է հակակրությամբը, զոր ունի մեր ազգին դեմ։


Կեսօր. ժամե ժամ նոր փոփոխություններու կսպասենք։ Սայիտ փաշան դեռ պաշտոնանկ չեղավ։


Երեկո, Սայիտ փաշան դեռ կը վարե յուր պաշտոնը։


Կը զրուցվի, թե անցյալ ամսու մեջ պարոն Կոշենի երևցած Աստվածածինը ֆերաճե հագած և երեսն ալ յաշմախով ծածկած է եղեր։


Կ. Պոլիս, 1 սեպտեմբեր, 1880

Մասիսի խմբագիրր քանի մը ժամանակե ի վեր ինքզինքը բոլորովին քահանայության տված է. ամեն անգամ, որ ձեռքս կառնեմ այս թերթը՝ մեջը ուրիշ բան չեմ գտներ, բայց միայն նշանտուք, կամ հարսնիք, կամ ննջեցյալ, և շատ անդամ ալ երեքը մեկեն։


Հարուստ մը նշանվելու պես՝ Մասիս յուր բերանը կը բանա և կսկսի այսպես խոսել.


«Բերկրությամբ սրտի իմացանք, որ վսեմափայլ այս ինչին ազգասեր, բարեսիրտ, գթասիրտ և ազնվական որդին, Մասիս գոյականներն իսկ կը շողոքորթե անոնց, յուրաքանչյուրին երբեմն չորս ածական տալով մեծապատիվ այս ինչին նազելաշուք աղջկանը նշանված է և հարսանյաց հանդեսն ալ