Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանի ինքնօրինությունն չտա՝ Եվրոպա պիտի տա զայն, և եթե Եվրոպան ալ չտա՝ քանի մը տարիեն Ռուսիո նավեր պիտի երևան Սև ծովու մեջ։ Հայտնի է, որ Միտհադ շինծու նամակներով քյուրտերը գրգռել կուզե հայերու դեմ. սակայն քյուրտերը պիտի գրգռվի՞ն... արդյոք ասոնք գո՛հ են թրքական կառավարութենեն, որուն պաշտոնյաները մեյ մեկ ավազակ լինելով՝ շատ անգամ կը հափշտակեն՝ ինչ որ քյուրտերը պիտի հափշտակեին...


3 սեպտեմբեր

Փոքրիկ կատակերգություն մը.


Գիտեք արդեն, որ աղջիկ տեսի սովորությունն բոլորովին վերցված չէ մայրաքաղաքիս մեջ։ Երիտասարդներեն շատերն երբ կին մը առնել ուզեն՝ այնպես կր վարվին, ինչպես կը վարվիմ ես՝ երբ կով մը կամ ձի մը առնել ուզեմ. աղջիկն իրենց ազգականներուն աչերով կը տեսնեն և, եթե հավնին սակարկության կսկսին, իսկ եթե չհավնին՝ ուրիշ աղջիկ մը տեսնելու կերթան։ Ժամանակավ սովորություն կա եղեր աղջիկներն բաղանիքի մեջ ալ քննել տալ, համոզվելու համար թե մարմինը թերություններ չունի։ Ահ, որչափ մարմնապաշտ են մարդերն ամուսնության մեջ. ով մարդեր, դուք մարդ չպիտի ըլլաք։ Հոգվույն բաղանիքն ալ քավարանն է. բայց ոչ ոք քավարան կերթա յուր առնելիք աղջկան հոգվույն թերությունները տեսնելու համար... միայն այն էրիկներն, որ տգեղ կիներ ունին՝ քավարան ղրկել կ՛ուզեն իրենց կիները... Մարդերն ավելի նյութապաշտ են քան հոգեպաշտ։ Ի զուր կը՝ պոռան աստվածաբանները, թե հոգին մեծ է քան զմարմին. այո՛, կըսեն, հոգին մեծ է քան զմարմին, բայց մարմին գեղեցիկ է քան զհոգի, և ամուսնության մեջ, կըսեն, մեզի ավելի գեղեցկություն պետք է, քան թե մեծություն։ Ո՜վ հիմարություն...։


Ներեցե՛ք, նյութես քիչ մը շեղեցա:


Տիկին Թ...-ին լուր կը տրվի, թե սեպտեմբեր երեքին յուր աղջիկը տեսնելու համար քանի մը տիկիններ աղջիկ տեսի պիտի գան։