Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հյուրերը կը բաժնվին տիկին Թ... ե, որ պատուհանին առջևը կանցնի կը նստի յուր բուն հյուրերը սպասելու։


4 սեպտեմբեր

Եթե Հայաստանի մեջ բարենորոգում լինի՝ նմանը չտեսնված արյունհեղություն մը տեղի պիտի ունենա եղեր հոն: Քյուրտերը վախ չունենալով ո՛չ Ռուսիայեն և ո՛չ Եվրոպայեն հավու պես պիտի մորթեն և պիտի ուտեն եղեր հայերը։


Այսպես կը խոսի տաճկական մամուլն, որպեսզի Եվրոպան փոխե յուր ընթացքը, զոր որոշած է բռնել արևելյան առկախ խնդիրներուն լուծմանը համար...


6 սեպտեմբեր

Նոր Ղազարուհի մը:


Հայ կին մը, որ ժամանակե մի վեր հիվանդ էր՝ առջի օրը թաղվելու տարված ժամանակ դագաղին մեջ կը նստի և խմելու ջուր կ՝ուզե։


Մասիս այս դեպքը հիշելով կըսե.


«Տասնեիններորդ դարուս մեջ կը վայլե, որ կենդանի մը մեռյալ կարծվի»։


Ես ալ կըսեմ։


«Ինչո՞ւ ուրեմն տասնևիններորդ դարուս մեջ կենդանի կարծվի Մասիսն, որ մեռյալ Է»։


7 սեպտեմբեր

Մաքսատան պաշտոնյաները մեծ խնամքով կը քննեն մայրաքաղաքս մտած գիրքերն, որպեսզի կառավարության քաղաքականության դպչող կետեր չպարունակեն անոնք։


Այսպես, Վիեննայեն կամ Վենետիկեն ղրկված քերականներն ալ մեկ ծայրեն մյուս ծայրը կը կարդացվին, որ Տուլշինիոյի կամ Հունաստանի կամ Հայաստանի վրա բան մը գրված չըլլա անոնց մեջ։


Այսուհետ և բառարաններն ալ խիստ քննության պիտի ենթարկվին։