Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դատական նախարարությունն ծանուցագիր մալ քյուրտերուն ղրկելու է, ծանուցանելով իրենց՝ որ այսուհետև մեր ընչից, կենաց և պատվույն խնայեն և մեր կրոնքը միայն բռնարարեն...


10 սեպտեմբեր

Գարագաշյանի աշխարհագրությունը հրատարակվեցավ այս օրերս։


Պարոն Գարագաշյան Մուշ և Վան քաղաքները Քյուրտըստանի մեջ դնել բարեհաճած է այս անգամ, մինչդեռ 1866-ի աշխարհագրությանը մեջ՝ Հայաստանի մեջ շինած էր այդ քաղաքները։


Ի՞նչ նպատակավ արդյոք այդ քաղաքները Հայաստանեն Քյուրտստան փոխադրված են... ո՞ր աշխարհագրութենե քաղած է յուր տեղեկություններն պարոն Գարադաշյան... լորդ Պիքոնսֆիլտի աշխարհագրութենեն անշուշտ...


11 սեպտեմբեր

Վարչական կազմակերպության ծրագիրն քվեարկությամբ ընդունվեցավ երեսփոխանական ժողովեն, և Պատրիարքին հանձնվեցավ ի գործադրություն։


Մինչև հիմա վարչական դրության վրա կը բեռցունեինք այն բոլոր սխալները, զորս կը գործեինք վարչության մեջ. տեսնենք այսուհետև ո՛վ պատասխանատու պիտի ըլլա մեր սխալ քայլերուն... արդյոք մեկ երկու տարիեն ետքը այս նոր դրությունն ալ չպիտի բամբասենք։


12 սեպտեմբեր

Ազգային նոր հանդես մալ ավելցավ։


Պարոն Գ. Մսերյանի աշխատասիրությամբ Մետեորա անվամբ Իզմիրի մեջ ի լույս ընծայվեցավ այս հանդեսն։


Նույն բարեմաղթությունը կընենք այս հանդեսին ինչ բարեմաղթություն որ կըլլան բարեկամներու՝ նոր տարվո առթիվ։