Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Քանի մը ատենե ի վեր սովորություն դարձած է մայրաքաղաքիս մեջ, որ տասնևվեց երեսներե բաղկացյալ տետրակ մը հրատարակողն՝ տետրակին անունը տետրակին թե՛ ճակատին վրա կը գրե և թե ետևի կողմը. որով մեկ աշխատասիրություն մը երկու աշխատասիրություն եղած կըլլա։ Կարդացողը կուզե գիտնալ, թե հեղինակին մյուս գործերն որոնք են, և շուտ մը կը համոզվի թե հեղինակին մյուս գործն այն հրատարակությունն է, զոր կը կարդա։


Ոմանք ալ հեղինակին մյուս գործերն ըսելով՝ հրատարակվելիք գիրքերու անունները կը շարեն։ Ասիկա պարզապես ինքզինքը հայր անվանել է այն զավակներուն, զորս ապագային մեջ ունենալ կը կարծե կամ կը փափագի ոք:


Ալ ասկից կարող եք գուշակել, թե որչափ փառամոլ գրիչներ ունինք։


Գիրք հրատարակելն տեսակ մը մոլություն դարձած է Կ. Պոլսո մեջ։ Մին յուր բարեկամին նամակ մը կը գրե և հետևյալ օրը զայն առանձին տետրակով մը կը հրատարակե։


Ուրիշ մը տան մը մեջ նյութի մը վրա քիչ մը շատախոսություն ըրած է, հետևյալ օրը մասնավոր տետրակով մը ի լույս կընծայե յուր խոսքերը, ծանուցանելով միանգամայն, թե բարեկամներն աղաչած են զինքն, որ տպե ու հրատարակե յուր շատախոսությունը։ Եթե այս մոլությունն այսպես շարունակվի՝ քիչ ատենեն Պոլսո հայ երիտասարդներն տետրակներով պիտի խոսին իրարու հետ, որով թե՛ առատ հեղինակներ ունեցած պիտի ըլլանք և թե տպարանի պետերը ստակ պիտի վասակին։


19 սեպտեմբեր

Անգղիո ազգային երեսփոխանական ժողովույն անդամ պարոն Ճեյմս Պրայս այսօր մեր Ազգային ժողովույն ներկա գտնվեցավ։ Ատյանն վերնալեն ետքը երեսփոխաններն Կալաթիո եկեղեցվույն թանգարանին մեջ ընդունելություն ըրին հիշյալ ազատական երեսփոխանին, որ հայտնեց, թե ազատականներն ամեն ճիգ պիտի թափեն Հայաստանի խնդրույն լուծմանը համար, թե հայերը մեծ բաներ պահանջելու չեն և