Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի մը ժամանակե ի վեր մայրաքաղաքիս մեջ ջղային հիվանդություն մը երևան եկած է, և քիչ կնիկ կա, որ այդ ախտին ենթակա չլինի։


Դեռ անցյալ շաբաթ էր, որ փողոցե մը անցած ատենս ստիպվեցա մեկեն ի մեկ կանգ առնել տունե մը հետևյալ խոսքերը լսելով.


— Շո՛ւտ ըրեք, ջուր բերեք։


— Կարապետ, դուն բժշկին վազե։


— Քացախը բերեք։


— Լիմոնը բերնին մեջը սխմեցեք։


— Թորո՛ս, դեղագործին վազե՛։


— Մարկոս, ինչո՞ւ կայներ ես, քահանային գնա՛։


Վախնալով, որ զիս հոն տեսնելով ժամկոչին վազցնել կուտան՝ քիչ մը հեռացա և փողոցին ծայրը սպասեցի սա գործին վախճանը տեսնելու համար։


Քանի մը վարկյանեն, երկար գլխարկով բժիշկ մը հիշյալ տունը մտավ։ Ձայները դադրեցան։ Երեք վարկյան ևս անցավ, և ահա տան սպասավորն տունեն ելավ ձեռքն ունենալով թուղթ մը, որ հավանական արար Բժշկին տված դեղագիրն էր։ Դեղագործության քիչ մը ծանոթություն ունենալով սպասավորին մոտեցա և աղաչեցի, որ դեղագիրն տեսնեմ։ Այս ճանբով, ըսի ինքնիրենս, հիվանդին ախտը կը հասկնամ և հետաքրքրությունս կը փարատեմ։ Սպասավորն Տաճեցավ և թող տվավ, որ կարդամ դեղագիրն։ Ինչ կուզեք որ կարդամ դեղագրին մեջ... ահա կարդացածս.


«Ճերմակ գլխարկ մը,
Աջ կողմը սև փետուրներով զարդարված,
Ձախ կողմը պզտիկ թռչուն մը,
Առջևի կողմը ծաղիկ մը,
Ետևի կողմը խնձոր մը։

(Ստորագրություն) բժ. Գ. Ք.»

Կյանքիս մեջ բնավ այսպիսի դեղագիր մը կարդացած չըլլալով՝ հետաքրքրությունս փարատելու տեղ ավելցավ։ Հետաքրքրությունս իրավունք ուներ ավելնալու, վասնզի գլխարկ մը, մանավանդ այդ տեսակ գլխարկ մը, որ պարտեզե մը բնավ տարբերություն չունի, ո՛չ դեղահատի պես կը կլ-