Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու միայն ծառայելու են, կըսե Ժան-Ժաք Ռուսո, և կերա քիչ մը հաց, թեպետև Ավետարանը կըսե, թե «Ոչ միայն հացի, կեցցէ մարդ, այլ բանիւ տեառն»։


Ինչո՞ւ համար մտքին ուղղությանը դեմ ապստամբիլ և ընթերցողներդ չարչարել, ո Ատոմս. շիտակ ճանբադ գնա՛, ի՞նչ հարկ կա ամեն քայլափոխիդ մեյ-մեկ հեղինակի դուռն ափ առնելու։


3 հոկտեմբեր

Լրագրի մը մեջ կարդացի հետևյալ տողերը.


«Եթե կղերին թերությունները գրել հարկ ըլլա՝ հատորներ կը լինին»։


Իրավունք տվի այս մարդուն, ես ալ փորձած եմ, որ եթե կղերին առավելություններն գրել հարկ ըլլա՝ երկու տող չեմ կրնար լեցունել։


Մայրաքաղաքիս մեջ գտնվող վարդապետներն, որք միշտ հայրենիք, հայրենիք կը պոռան՝ հիվանդություն կունենան երբ Հայաստանի մեկ գավառեն առաջնորդ ընտրվին։


Կը հրաժարիմ հականե հանվանե զանոնք հոս հիշելե:


Ասոնք միշտ հոս մնալ կուզեն, Վոսփորին երկու եզրերուն վրա կը փափագին ծառայել Հայաստանին։


Ափսոս, քիչ հայ կղեր ունինք, որ նոսթալժի ունենա...


4 հոկտեմբեր

Վաճառականի մը պարկերուն մեջեն հակ մը Մշակ լրագիր գտնված և մաքսատունեն արգիլված Է, որովհետև օսմանյան կառավարության բարենորոգումներուն վրա կծու հոդվածներ կը պարունակե եղեր։


Հոս մտնել ուզող լրագիրները բարենորոգման վար խոսելու չեն, վասնզի շատ դժվար է Թուրքիո մեջ բարենորոգում մուծանելը. մաքսատունեն անմիջապես կարգիլվի իբրև վնասակար ապրանք։