Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային ընկերություններն, առանց բացառության, աշխուժիվ և եռանդմամբ կը գործեն։


Միացլալ ընկերությունն, Արհեստասիրաց ընկերությունը, Ազգանվեր հայուհյաց և Դպրոցասեր հայուհյաց և վերջապես բոլոր ընկերություններն իրարու հետ կը մրցին։


Այս ընկերություններեն մեկ քանին նվիրատոմսեր ևս հանած ըլլալով, բաժանորդագնե զատ նվեր ալ կը հավաքե ժողովրդեն, որ յուր լուման չզլանար ազգօգուտ ձեռնարկություններու։


Ցավալի է սակայն, որ ժողովուրդն ընթերցասիրության մասին այնչափ եռանդ ցույց չտար... պարոն Նորայր, որ անհողդողդ հաստատամտությամբ կը շարունակե յուր բառարանին հրատարակությունը, այսչափ նեղություն չէր քաշեր, եթե նվիրատոմսեր հաներ կամ եկեղեցվո մեջ գանձանակ պտըտցուներ ի նպաստ յուր բառարանին։


Կամչնանք խոստովանելու, բայց պետք է ըսել, որ եթե Վենետիկի կամ Վիեննայի միաբանությունները չլինեին՝ ազգն այսօր, ոչ թե գաղղիերեն, հայերեն, այլ միայն հայերեն բառարան միսկ պիտի չունենար...


Կեցցե՜ Սահմանադրություն...


6 հոկտեմբեր

Հայկական խնդիրն դեռ կսպասե, որ Քարատաղի և Հունաստանի խնդիրները լուծվին, որպեսզի կարգն իրեն գա։


Սույն խնդիրները գորդյան հանգույց դարձած ըլլալով՝ կը կարծվի թե դանակը միայն պիտի կրնա զանոնք լուծել։


Վեց տերություններուն ղրկած նավատորմիղն մինչև այսօր օգուտ մը չունեցավ... Տուլչինիոն դեռ Քարատաղի չհանձնվեցավ, թեպետ և թուրք լրագիրներն ամեն օր կը պոռան, թե քանի մօրեն Տուլչինիոն կը հանձնվի։


Ո՞վ չգիտեր, թե թուրքերուն մեկ օրը ամիս մէ, ամիսը տարի և տարին՝ դար։ Երբ Թուրքիան երեք տարի պայմանաժամ խնդրե բարենորոգման համար՝ երեք դարու մեջ հազիվ կրնա բարենորոգման օգտակար ըլլալուն համոզվիլ...։