Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
7 հոկտեմբեր

Քյուրտերուն պարսից հողը մտնելը մտատանջություն կը՛ պատճառե մեր ազգայիններուն, որք կը վախնան, թե քյուրտերն երբ պարսից սահմաններեն հալածվին՝ չարիք չգործեն դարձյալ Հայաստանի ժողովրդյան վրա։


Արդեն լուր կուտան, թե պարսից հողին վրա բավական հայեր ջարդված են քյուրտերե։


8 հոկտեմբեր

Թուրք կառավարությունն Լուսինյան վեցերորդ Լևոն թագավորին լուսանկար պատկերներն ժողվել տվավ հայ գրավաճառներու խանութներեն։


Կըսվի թե զանոնք հրացանի պիտի բռնել տա...


Բ. Դուռն յուր խորին քաղաքագիտությամբը համոզված է, թե այդ պատկերներն են հայկական խնդիրն հուզողները:


9 հոկտեմբեր

Թուրք լրագիրներն պարծանոք կը հրատարակեն, թե պայրամի առթիվ պաշտոնյաներուն ամսական պիտի տրվի Մարդս ինքնիրեն հարցունելու կստիպվի, թե եթե ասոնք պայրամ չունենային՝ պաշտոնյաները բնավ ամսական չպիտի առնեին...


Ցավալին այն է, որ տարին մեկ երկու պայրամ ունին. մյուս ամիսներն ի՞նչ կուտեն պաշտոնյաները։


— Կաշա՜ռք... մանավանդ Հայաստանի մեջ...


10 հոկտեմբեր

Սովը նորեն սկսավ Հայաստանի մեջ երևիլ:


Սովելոց մասնաժողովն այս մասին տխուր լուրեր հրատարակելով՝ ազգային օգնությունը կը խնդրե։


Դժբախտաբար մեր շատ մը հարուստ ազգայիններուն՝ սրտին մեջ ալ գթության սով կա. և երբ այս երկու սովերը իրարու հանդիպին՝ հետևանքը գուշակելը շատ դյուրին է։