Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն հարուստներն, որք կարող են սովյալներուն հօգուտ երկու հազար ոսկի տալ հազիվ տասը կամ քսան ոսկի կուտան։ Կերևի թե ասոնք միջին աստիճանի մարդերեն շատ չէն ախորժիր և անոնց վերնալը կը փափագին աշխարհիս վրայեն, որպեսզի իրենք միայն մնան և հանգիստ պտըտին։ Ուրիշ ի՞նչ կերպով մեկնելու է այս տեսակ հարուստներուն անհոգությունը...


Հանկարծահաս դժբախտություններն անմիջական օգնություններու կը կարոտին, և աս ալ հարուստներու գործն և պարտքն է. ժողովուրդն չկրնար ըսել սովյալներուն. սպասեցե՛ք, մի՛ մեռնի՛ք, մինչև որ մենք մեր մեջ գրամ հավաքենք և ձեզի ղրկենք։


Այս ճշմարտության չեն ուզեր համոզվիլ մեր հարուստներեն ոմանք։


11 հոկտեմբեր

Այսօր սրբազան Պատրիարքին անվան տոնախմբությունն ըլլալով՝ նորին սրբազնությունը բազմաթիվ այցելություններ ընդունեց պատրիարքարան։ Վարչության անդամները, երեսփոխանները, շատ մը քահանաներ, վարդապետներ, եպիսկոպոսներ փութացին այցելություն տալ նորին սրբազնության, որ թեպետև տկար՝ ամենքն ընդունեց և երեկոյին ուշ ատեն հազիվ կրցավ Պատրիարքարանեն ելնել։


12 հոկտեմբեր

Լրագրի մը մեջ կարդամ.


«Խորեն եպիսկոպոսը հանքային ջուրերը գնացեր է յուր առողջությունը դարմանելու համար»։


Առողջությունեն վնաս տեսած է արդյոք, որ զայն դարմանե քու համար հանքային ջուրերը գնացած է։


Գիտեինք որ առողջություն ձեռք բերելու համար հանքային ջուրեր կերթան, բայց զայն դարմանելու համար ջուրեր երթալն առաջին անգամն է, որ կը լսեմ։