Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
13 հոկտեմբեր

Արմաշտու վանքին վանահայրը հիշյալ վանքին մեջ երկրագործական վարժարան մը հիմնել կր փափագի։


Կը շնորհավորենք գերապատիվ վանահոր այս փափագն և անոր իրացման համար արդեն երկու մոմ վառեցինք այսօր։


Նորին գերապատվությունը շատ փափագներ ուներ Ժամանակավ հիշյալ վանքին վրա, որ վերջապես կործանման վիճակին հասավ։ Կը փափագինք, որ այս անգամ ալ երկրագործական վարժարան բանալու փափագով ախոռի չվերածե զայն։


14 հոկտեմբեր

Անտոն վարդապետ Թարգմանյան, որ հռովմեական եկեղեցիեն լուսավորչական եկեղեցին ցատկած էր մեծապատիվ տոքտոր Շիշմանյանի հորդորանոքն, և որ վերջերս նորեն լուսավորչի եկեղեցիեն հռովմեական եկեղեցին անցած էր, և որ հայտնի չէ թե քանի մը օրեն ո՛ր կրոնքր պիտի ընդունի, նամակ մը հրատարակելով կը հերքե այն լուրը՝ թե դերասանություն ընել սկսած է։ Միայն թե Թրանսիլվանիո մեջ գտնվելով՝ այն տեղի սովորության համեմատ մորուքն ածիլած է եղեր, և մորուքը պատճառ տված է եղեր յուր վրա հրատարակված անտեղի զրույցներուն։


Ուրախ ենք, որ Անտոն վարդապետ յուր ձեռքովն յուր մորուքն ածիլած է. եթե հոս գտնվեր՝ Պատրիարքարանն պիտի կատարեր այդ մորուքին արարողությունը։


15 հոկտեմբեր

Դեսպանի մը հորաքույրը մեր եկեղեցվո արարողության շատ հավնած լինելով՝ խնդրած է, որ օր մը ներկա գտնվիր Լրագիրներեն ոմանք այս լուրը հրատարակելով կը ծանուցանեն, թե սրբազան Պատրիարքն օր մը Բերայի եկեղեցվույն մեջ հատկապես պատարագ պիտի մատուցանե։


Մենք հավատք չենք ընծայեր այս լուրին։ Թատերական ներկայացման համար մեկը կարող է ըսել» «Այս ինչ խաղը շատ սիրեցի, անգամ մալ ներկայացուցեր որ տեսնեմ».