Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու ամիս է, որ մեկ կողմեն ամեն օր սխալներ կը գտնեն այդ դասագրքին մեջ, և մյուս կողմեն արժանապատիվ վարդապետը լուր գրքեն սխալ քաղողներուն սխալները կը գտնե։ Որչափ ալ հայր Եղիշե համոզվիլ չուզե և ուզած կերպով մեկնե քերականական կանոնները՝ հայտնի է թե յուր դասագիրքը ունի սխալներ և թերություններ։ Սակայն մենք յուր ընդդիմախոսներուն պես չենք ուզեր յուր դասագրքին պատիվը կոտրել և զայն բոլորովին անօգուտ համարել, յուր դասագիրքն ամեն դպրոցներու մեջ կրնա աշակերտներուն տրվիլ իբրև վարժության գիրք. և ուսանողները քերականության կանոններուն համեմատ անոր մեջ գտնված սխալները կուղղեն։ Արդեն քերականության շատ հեղինակներ այս դրության կը հետևին, դիտմամբ սխալ կը գրեն, որպեսզի աշակերտներն կանոններուն համաձայն զանոնք ուղղեն։ Հայը Եղիշեի դասագիրքը մեծ հարմարություն ունի այս մասին.... իրար անցնելու ի՞նչ կա։


Աշխատելու ետևե եմ Վայելքեն բան մը հասկնալ, բայց՛ կարելի չէ. եթե յուր հանդեսին բառարանն ալ մեկտեղ հրատարակած ըլլար՝ այսչափ դժվարություն չէի քաշեր։


19 հոկտեմբեր

Սուրբ Երուսաղեմի վանուց մեկ նոր կանոնագիրը կը հրատարակեն ազգային լրագիրները։


Այս կանոնը վսեմափայլ Ստեփան փաշա Ասլանյան խմբագրած էր՝ երբ հիշյալ վանքին հաշիվները քննելու համար քննիչ ղրկված էր Երուսաղեմ։


Նորին վսեմությունը երկու հարյուր ոսկի առավ ի վարձատրություն յուր ըրած քննության, որուն արդյունքը դեռ ոչ ոք գիտե։


Ահա վանք մը, որ երեսուն հազար ոսկվո պարտք կը դիզե, և մենք իրեն կանոն կը շինենք, առանց հարցնելու, թե. ի՞նչպես գոյացավ այդ պարտքը, Երուսաղեմի Պատրիա՝րքն