Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է պատասխանատուն թե միաբանությունը. ի՞նչ երաշխավորություն կա, որ ուրիշ անգամ վերստին պարտական չպիտի մնա այդ վանքը. կանոնի չգոյության պատճառավ գոյացավ այդ հարստահարփչ պարտքը. ո՞վ էր պատճառ միաբանական ախտին կանոն չունենալուն։ Առանց այս հարցումներուս գոհացուցիչ պատասխաններն առնելու խեղճ ժողովրդյան դիմել և ստակ ուզելն ուրիշ բան չնշանակեր, եթե ոչ հաստատել սա ճշմարտությունը, թե կրոնավորները վանքերու մեջ պիտի նստին, պիտի ուտեն, պիտի խմեն, պիտի պառկին և ժողովուրդն ալ անոնց ծախքը պիտի հոգա վասն երկնային փառաց։


20 հոկտեմբեր

Անգղիական լրագիրները կը ծանուցանեն, որ Տուլչինիոյի հանձնումեն ետքը եթե Անգղիա առանձին մնա՝ ավելի առաջ չպիտի երթա։


— Ե՞տ պիտի երթա։


— Աս ալ չենք հուսար։


Անգղիական լրագիրներուն այս գուշակություններն տխուր ազդեցություն մը ունեցան անոնց վրա, որք իրենց հույսը միայն Անգղիո վրա դրած էին։ Եվ արդարև, Անգղիո ազատական կուսակցությունը շատ նպաստավոր կերպով խոսեցավ հայկական խնդրույն համար, նույնիսկ թագուհին յուր խոսած ճառին մեջ հայոց խնդիրն ալ հիշած էր։ Աակայն, մոռնալու չէ, որ երբ շահը խոսի՝ հիշողությունը կը տկարա¬ նա և մարդս չկրնար յուր ըրած խոստումը հիշել։


21 հոկտեմբեր

Միացյալ ընկերությունը Վանա վարժապետանոցին մեջ բնական գիտություններու դասախոսությունն ալ ավելցուց։ Հիշյալ ընկերությունն Կիլիկիո մեջ ալ գործել սկսավ, Ատանայի և Հալեպի դպրոցներն յուր տեսչության ներքև առնելով։


Քաղցր է մեզ հավատալ, որ սույն ընկերության գործադիր ժողովո անդամներն հաջողած են բառնալ այն անհամաձայնությունն, որ ի սկզբան կը տիրեր իրենց մեջ։