Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոստովանիմ և հավատամ։


Մայրաքաղաքիս մեջ տիկին Հրաչյայի աչերուն վրա Նեյլի աշտարակեն ավելի կը խոսվի, և Հրաչյայի հայրն, հեղինակ այդ պիեսային, Նեյլի աշտարակին հեղինակեն ավելի ծանոթ է թատրոնասերներու։


Բավական է, որ Գարագաշյան երկու քույրերն, կամ տիկին Հրաչյա, կամ ուրիշ գեղեցիկ դերասանուհի մը, կամ ասոնց ամենը մեկեն դեր ունենան ներկայացման մը մեջ, կատակերգությունն կամ ողբերգությունն որչափ ալ աղեկ չըլլա՝ դարձյալ թատրոնը հանդիսականներով կը լեցվի։


Ինչպես առանց գործքի հավատքը մեռյալ է, այնպես ալ առանց գեղեցիկ դերասանուհվո ամենեն ընտիր ողբերգությունն մեռյալ է։


Դուք ալ այսպես պիտի մտածեիք՝ եթե ականատես ըլլայիք այն իրարանցումին, որով քանի մը՝ տնօրեններ թաղն թաղ կը պտըտին այս օրերս, աղվոր դերասանուհիներ փնտրելու համար։


Եվ այս եղանակավ կարելի է միթե ծաղկեցնել հայ թատրոնն, ուր դերասանուհիներն ազգային են և ներկայացումներն օտար։


Միջագյուղի Բարեսիրաց ընկերությունն կը պատրաստվի ներկայացումներ տալու քանի մօրեն, առաջին ներկայացումն պիտի ըլլա Նեյլի աշտարակն, գեղեցիկ պիեսա յոթը պատկերով, որուն մեջ դեր պիտի ունենա տիկին Հրաչյա, գեղեցկագույն պիեսա՝ մեկ պատկերով։ Հանդիսականներուն հարյուրին իննսունևինը մեկ պատկերը տեսնելու կերթան և հարյուրին մեկը յոթը պատկերը տեսնելու։ Իննսունևինը հոգի շատ չէ՞ մեկ պատկերի համար, մեկ հոգի քիչ չէ յոթը պատկերի համար։


Ուրիշ կետ մ՚ալ կա։


Այդ մեկ հոգին ի՞նչ օգուտ պիտի քաղե այդ ներկայացումեն, որ բնավ ազգային կյանք չպարունակեր յուր մեջ։


Ո՞ւր եք, ինքզինքնիդ բանաստեղծ, փիլիսոփա կարծող պարոններ. ինչո՞ւ ազգային կյանքին վերաբերյալ թատրերգություններ չեք գրեր ազգային թատրոնը ծաղկեցնելու համար, ժողովրդյան վարքն ու բարքն ուղղելու համար։ Եթե կը