Ուրիշ հրաժարական մալ։
Երզնկայի առաջնորդն ալ հրաժարելու միտք ունի եղեր:
Հոն ալ չկա մարդ, զգացում և դրամ։
Երզնկայի կլիման անհարմար կուգա եղեր նորին սրբազնությանն։
Այս առաջնորդին ալ կլիմա մը փնտրելու, գտնելու և
ղրկելու է։
Հուսանք սակայն, որ Երզնկայի առաջնորդը անիրավ
հարձակումներե առանց վշտանալու հառաջ կը տանի այն
գործերն, զորս այնքան սիրով և եռանդյամբ սկսավ։ Եթե
կլիման իրեն չհարմարվի՝ նորին գերապատվությունն աշխատելու
կզինքն կլիմային հարմարցունել, զի մի լցցի բանն,
թե վարդապետներն կը փոթեն իրենց կլիման՝ երբ եպիսկոպոս ձեռնադրվին...
Տեսարանն է Բերայի թատրոնի մը օթյակներեն մեկուն մեջ։
Պատվավոր մարդու մը անպատիվ կինն հույնի մը հետ
սիրո բանակցություն կըներ։
— Տե՛ս, ըսավ քովի օթյակի մեջ նստող մեկն յուր ընկերին,
կը վայլե՞, որ անանկ պատվավոր մարդու մը կինն
անհավատարիմ գտնվի յուր էրկանը։
— Իրավունք ունիս. օտարասիրությունը չէ՞, որ մեր ազգին
տունը կը փլցնե, պատասխաներ ընկերը։
— Ամբակո՛ւմ աղա, վաղը չէ մյուս օր Վան պիտի երթամ։
— Բարի ճանապարհ կը մաղթեմ։
— Նամակ գրելու չմոռնաս։
— Անհոգ եղիր. տասնհինգ օրն անգամ մը կը գրեմ և
լուրեր կուտամ քեզի։