Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրեմն հասցեն տամ քեզի, որ նամակներս սխալմամբ ուրիշին ձեռքը չանցնին։


— Հարկ չկա. Մասիսի կը հանձեմ նամակները:


— Այդ ի՞նչ ըսել է. Մասիսը նամակներու տո՞ւփ է։


— Հիմա ամեն մարդ յուր մեկ բարեկամին դրած նամակն Մասիսի կուտա և պատասխանն ալ անոր մեջ կը կարդա։ Անցյալները չգիտեմ, որ ընկերության ատենադպիր տիկին... սրբազան Պատրիարքին նամակ մը գրած էր Մասիսին մեջ և պատասխանը քանի մը օր ետքը հիշյալ թերթին մեջ առած էր։ Դարձյալ ուրիշ մեկն յուր մեկ բարեկամին գրած մտերմական մեկ նամակն Մասիսի միջոցավ հրատարակած ու պատասխանն նույն ըլլա դրին մեջ կարդացած էր։ Որ մեկը համրեմ...


— Շատ աղեկ. Մասիսի միջոցավ գրե՛ նամակներդ և պատասխանները հոս կարդա՛։


— Ասանկով թղթատարի ծախքեն ալ կը խալսինք։


— Մանավանգ թե մեր նամակները չեն կորսվիր։


Կեցցե՛ թղթատար Մասիսն... և տակավին ըսողներ ալ կան, թե Մասիս հասարակության օգտակար ծառայություններ չմատուցաներ...


13 նոյեմբեր

Ուրախառիթ լուր մը...


Պեշիքթաշի մեջ խումբ մը երիտասարդներ ընկերություն մը կազմած են իրենց մեջ՝ նպատակ ունենալով մեկ դահեկան տուգանք վճարել ամեն անգամ՝ որ իրենց խոսակցությանը մեջ օտար բառ խառնեն։


Այս տուգանքեն գոյանալիք հասույթն ազգօգուտ ընկերություններեն մեկուն պիտի նվիրեն։


Հապա ի՞նչ տուգանք առնելու է այն հայերեն, որք իրենց խոսակցությանը մեջ երբեմն հայերեն բառեր կը խառնեն և շատ անգամ հայերեն բառ բնավ չեն խառներ։


Այս միջոցն շատ լավ է ազգային լեզուն կոկելու համար, և եթե այսպիսի ընկերություն մայ ազգային խմբագիրները կազմեն՝ ընկերություններն բավական օգուտ կը քաղեն ռուսահայոց լրագիրներեն, նամանավանդ Մշակեն: