Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
14 նոյեմբեր

Կրոնական գործոց խորհրդականն եկեղեցվո և եկեղեցականներուն բարեկարգությանը վերաբերյալ կանոնագիր մը խմբագրելու վրա է:


Կրթական գործող խորհրդականն ալ վարժարաններու բարեկարգության վերաբերյալ ծրագիր մը պատրաստելու զբաղած է։


Տնտեսական գործող խորհրդականն ալ ազգային սնտուկը բարեկարգելու համար ծրագիր մը փնտրելու ետևե է։


Ինչպես հայտնի կը տեսնվի՝ ոտից ցգլուխ բարեկարգության պետք ունինք, սակայն անուրանալի ճշմարտություն մէ, որ բարեկարգութենեն ավելի դրամի պետք ունինք։


Խնդրեցե՛ք զդրամն, և ամենայն ինչ հավելցի ձեզ...


Սեբաստիայեն հետևյալ հեռագիրն եկավ.


«Կուսակալն Ազգային գավառական ընդհանուր ժողովո անդամները բանտարկեց»։


15 նոյեմբեր

Ավերակք հայաստանի կառավարության կողմեն ամեն օր կը փնտրվին, ինչպես նաև այն ամեն գիրքերն, որոնց մեջ Հայաստան բառն կը գտնվի։


Ամեն օր կը ձերբակալվին և կը բանտարկվին Հայկա և Վարդանա պատկերներն:


Երեկ մաքսատունեն արգիլվեցավ 1881-ի օրացույցներեն հիսուն օրինակ, որ Տրապիզոնի շոգենավը կը տարվեր...


Սեբաստիայեն հետևյալ հեռագիրն ընդունվեցավ այսօր.


«Կուսակալն Քաղաքական ժողովո անդամներն ալ բանտարկեց»: