Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը թվի. սակայն անգղիասեր հայերը կը հուսան, թե Անգղիո կառավարությունն վերստին ձեռք պիտի առնե Հայաստանի բարեկարգության խնդիրն, զոր այնչափ եռանդով պաշտպանեց:


Խնդիրներ կան, որ պտուղներու կը նմանին, պահվելով կը հասուննան, թեպետև կան ալ, որ պահվելով կը փտտին։


Աղոթենք, որ մեր խնդիրն վերջիններեն չըլլա։


20 նոյեմբեր

Կրոնական գործոց խորհրդականն մայրաքաղաքիս Թագական խորհուրդներուն պիտի հարցունե, թե կրոնագիտությունն ի՞նչ վիճակի մեջ է դպրոցներու մեջ։


Զարմանալի չէ՞, գոյություն չունեցող բանի մը վիճակն հարցունելն։


Եվ թաղային վարժարաններու մեջ ի՞նչ ունինք, որ կրոնագիտություն ունենանք։ Սակայն ես գիտնալ կը փափագեի, թե կրոնագիտությունն ի՞նչ վիճակի մեջ է այն կրոնականներուն քով՝ որք գավառներու մեջ առաջնորդության պաշտոն մերժելով՝ մայրաքաղաքես բաժնվիլ չեն ուզեր։


21 նոյեմբեր

Վանա ընդհանուր դատախազն հիշյալ քաղաքին մեջ տեղի ունեցած հարստահւսրությունները հերքող տեղեկագիր մը ղրկած էր Բ. Դռան։


Գերապատիվ Խրիմյան սրբազան ալ վերոհիշյալ տեղեկագիրը հերքող տեղեկագիր մը ղրկած է այս օրերս։


Արդեն ինչ որ հաստատե Հայրիկն՝ կը ժխտվի Բ. Դռնեն, և ինչ որ հաստատել փորձե Բ. Դուռն՝ կը հերքվի Հայրիկեն։ Երբ այս վերջինն դիակ մը ներկայացնե կառավարության և անոր ժամ մը առաջ քյուրտե մը սպանվիլն հաստատե՝ կառավարությունն անմիջապես կը հերքե ըսելով, ատիկա մեռած չէ այլ կը ննջե, եթե Հայրիկն քիչ մալ պնդե՝ ընդհանուր դատախազն կը պատասխանե, մեռած չէ այլ ծնած է, և տե-