Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներեն շատերը պարահանդեսի հրավեր ընդունած ըլլալով գթության հրավերին ականջ չեն կախեր։ Կառավարությունն յուր ամբարած ցորյանը կը պահե սովյալ գավառներու մեջ որպեսզի ձմեռն ավելի սուղ գնով ծախե... եթե սովյալներուն ալյուր հասցնելն անկարելի է՝ քառասուն օր անոթի մնացող տոքթոր Թաններին նամակ մը գրելու է, որ այս մասին հարկ եղած հրահանգները ղրկե մեզ որպեսզի խեղճ սովյալներուն գոնե մեկ երկու ամիս անոթի մնալու և եթե կարելի է՝ բնավ չուտելով ապրելու արհեստը սորվեցնենք։ Եթե աս ալ անկարելի է՝ գոնե ի նպաստ սովելոց պարահանդեսներ տալու է։ Պարահանդես մալ ի նպաստ պարոն Նորայրի Գաղղիերեն հայերեն բառարանին տալու է՝ որ ժամ առաջ տպվի և լմննա այս օգտակար գործը։ Այո՛, բարեկամ, ընթերցասիրությունը շատ ողբալի վիճակի մեջ է դեռ, և ազգային հեղինակներն, խմբագիրներն ու թարգմանիչներն ապրեցնելու համար ի նպաստ իրենց՝ ներկայացումներ տալու պիտի ստիպվինք... Բայց օր չանցնիր որ պարոն Ղուկասյանի գրատան նոր հրատարակություն մը չհանձնվի վաճառվելու համար։ Ընթերցող չունինք և չգիտեմ՝ թե ինչո՞ւ համար արդյոք կը հրատարակվին այս երկասիրությունները, կարծեմ թե նյութ մատակարարելու համար բանադատության, զոր պարոն Գրասեր Ատոմ կը շարունակե գողտրիկ և դյութիչ լեզվով։ Մոնթե Բրիստոյի հեղինակը, չեմ հիշեր որ բանադատին համար կըսեր, թե՝ չկրնար անաչառ բանադատ ըլլալ վասնզի ծերակուտի անգամ ըլլալ կուզե։ Պարոն Ատոմ բանադատ ըլլալու արժանիքն ունի, բայց արդյոք երեսփոխանական ժողովո մեջ աթո՞ռ մունենալ կը փափագի. չեմ կարծեր... չմոռնանք և պարոն Բյուզանդն, այն վառվռուն երիտասարդն, որ Մասիսի մեջ ազգային կենսական խնդիրներու վրա գեղեցիկ հոդվածներ կը հրատարակե և կը հորդորե հայերն ի մեջ այլոց՝ որ քրտերու հետ բարեկամություն հաստատեն, թեպետև հայերն անոնց հետ, կարծեմ, թշնամություն հաստատելու գաղափարն բնավ ունեցած չեն... պարոն Բյուզանդին հոդվածները ավելի սիրով պիտի կարղացվեին՝ եթե նվազ երկար ըլլային, վասնզի երկար գրություններե չեն ախորժիր մեր ազգայինները։ Ես ալ կը փութամ վերջացնել նամակս, որ երկար եղավ,