Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկերությանց երեք հազար ոսկի նվիրել, եթե ազգայինք հինգ հազար ոսկիով աղջիկ մը տան իրեն ի կնություն, սակայն իրավունք կունենանք խոնարհաբար կարծելու որ այդ նթեներով քյուրտերն և ավազակներն իսկ կը հոժարին Ազգային հիվանդանոցին նվերներ ընելու։ Ինչպես հայտնի կը տեսնվի, այս բարեգործությանց մեջ նթեներու ներկայությունն քիչ մը աչքի աղեկ չերևար, վասնզի այս եթեն այնպիսի շաղկապ մէ որ առաքինության քովը դրվելուն պես զայն մոլության կը փոխե և իրավունք կուտա ժողովրդյան հարցունել ինքն իրեն թե, օգնության արժանի մեկն ինչպես կարող է ուրիշին օգնել։ Թողունք ժողովրդյան ընել այն հարցումն և մենք դառնանք հիվանդանոցին հոգաբարձության գրասենյակն, ուր կը դիմեն մեր խեղճ ազգայիններն և հիվանդ ենք պոռալով հիվանդանոց մտնել կուզեն և երբ Ազգային հիվանդանոցին տխուր վիճակն ցույց տրվի իրենց՝ կը պատասխանեն, «Խմբագիրներն այնչափ կօգնեն կոր ձեզի, ինչու համար չեք ուզեր ընդունել զմեզ». մինչդեռ ցարդ կարգենք թե հիշյալ խմբագիրներն չկարողացան իրենց խոստումն կատարել, չկրնալով իրենց ուզած քանակությամբ թերթ ծախել։ Ըստ մեզ՝ հիշյալ խմբագիրներն իրենց նյութական վիճակն բարվոքելու համար ուրիշ միջոցի մը դիմելու էին և թող տալու էին որ հանուն հիվանդանոցի հավաքված դրամն ամբողջ հիշյալ շենքին սնտուկն երթար և ժողովրդյան՝ հանուն հիվանդանոցի ծախու առած թերթին 20 փարաներն հիշյալ խմբագրաց քսակներուն մեջ մտնելով ձանձրություն չտային իրենց, մինչև այն օրն որ այս անձնանվեր խմբագիրներն հրաշիվք հաջողեին իրենց թերթերեն 1500—2000 օրինակ սպառել... Սակայն դուք պիտի ըսեք. «Թող տուր այս խնդիրն և ըսե ինձ թե ո՞ւր մնաց Հայկական խնդիրն»:


Դեռ երեկ չէ առջի օրը մայրաքաղաքիս մաքսատան պաշտոնյաներեն մին բաթաթեսի մեջ կը փնտրեր Հայկական խնդիրն: Բաթաթեսի մշակությունն ուսուցանող տետրակներ՝ որ գավառներր կը Ղըկվեին մայրաքաղաքես, հասարակաց կրթության պաշտոնեին ուշադրությունն գրավեցին, ձերբակալվեցան, քննության ենթարկվեցան, որպեսզի ժողովրդյան ետքերն գրգռող նյութ չունենան իրենց մեջ։ Մազ մնաց որ