եկավ, որու համար հայ հանճարի ծնունդ երկեր կը խնդրվին անոր տնօրենին կողմեն։ Ռուսիո հայերն կրնան Ծերենցի վեպերն ռուսերեն, եբրայեցերեն և վրացերեն թարգմանությամբ ղրկել Սամոսի մատենադարանն և մետաղ ընդունել. իսկ մեք ի՞նչ պիտի ղրկենք։ Շատերը կը պնդեն որ պարոն Գ. Նիկողոսյանի դեմ Պոլսեցվույն դրած Լամարթինաճաճանչ հոդվածներն ղրկվի կամ պարոն Ներշապուհի վերջերս հրատարակած բանաստեղծություններն և կամ պարոն Խ. Միսարյանի ձեռագիր հեղինակություններն որ... դրված չեն դեռ դժբախտաբար։ Ոմանք կառաջարկեն ոչինչ ղրկել, այլ միայն նամակ մը գրել և անոր մեջ խոստովանել թե. «Հայ ազգն դեռ հանճարի ծնունդ գործ մը չունի, և թե ունենալուն պես պատրաստ եմք ղրկելու, թե կը խնդրեմք որ առայժմ հաճիք ընդունել մեր խորին հարգանացս հավաստիքն և այլն»։
<ԾԻԾԱՂՆԵՐ>
<5>
«Ո՜հ, հոսեցե՜ք արտասուք իմ... իմ արտասուք, օ՛ն, հոսեցե՜ք... իմ հոսեցե՜ք արդ, արտասո՛ւք...» կը մրմրար քթին տակեն օր մը բանաստեղծին մեկն, համրելով մատներն որ կոշկակարության կոչումն ունին և թղթատելով թանգարան մոր ամեն բանի կրնա ծառայել բացի հանգարանե: Զգացի անմիջապես թե խեղճ բանաստեղծն ինքնզինքն հանկարծ անել փողոցի մը մեջ գտած է, թե ետ դառնալու կամաչե և բոլոր ճիգը կը թափե ելք մը գտնելու համար... բանաստեղծ մը դժվարագյուտ հանգի մ՝առջև... ի՞նչ դժբախտություն, հանքերն երբեմն հանգերեն դյուրավ կը գտնվին... բանաստեղծին թափած արյուն և քրտինքն, Հանգարանին ձեռնտվությունն և քերականության կողմե եղած զոհողությունն ապարդյուն կը մնային, ո՛չ հանգը կուգար և ո՛չ արտասուքը։ Պարզ հանդիսատես մնալ կը փափագեի, սակայն ծիծաղներս կու գային բանաստեղծին կրած տառապանաց առջև։
— Ի՞նչ կը նշանակե այդ ծիծաղներն, բարեկամ, հարցուր
ինձի հանգախնդիրն։