Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գությունն անկարելի է։ Այս բարեկարկությանն բույս կամ հունտ կարծած լինելու է Վաքըթը. որ ձմեռվան եղանակին մեջ լինելու բան չէ կըսե։ Ո՞ր եղանակին մեջ կարելի է արդյոք այդ։ Այս մասին չխոսիր Վաքըթ: Գարնա՞ն եղանակին, այդ եղանակն բարեկարգության զոհելն մեղք է։ Ամառվա՞ն եղանակին, այդ հրատապ եղանակն հանգստության սահմանված է։ Աշնա՞ն եղանակին, այդ եղանակն ալ տուրքեր հավաքելու եղանակն է, բարեկարգությամբ ո՞վ կարող է զբաղիլ։ Ո՞ր եղանակին մեջ ուրեմն. մենք Թուրքիո մեջ չորս եղանակներ ունինք, որք, ինչպես ցույց տվինք, բարեկարգության հարմարություն չունին...


Մեզի ուրիշ եղանակ մը, նոր եղանակ մը չունի՞ք, աստվածնե՛ր...


Մեր հարուստներուն որքան առատաձեռն լինելուն վրա ընթերցողներուն տեղեկություն մը տալով հանդերձ՝ բժիշկներուն ուշադրությունն կը հրավիրենք հետևյալ խոսակցության վրան.


Հարուստ, բայց ագահ մարդ մը բժշկին.


— Տեր բժիշկ, այսօր մեր տունեն կանցնի՞ք։


— Խեր ըլլա, ի՞նչ է։


— Եղբայրս քիչ մը տկարություն ունի։


— Ի՞նչ տկարություն։


— Տկարության պես բան մը։


— Ջղայի՞ն։


— Չգիտեմ։


— Արյունայի՞ն։


— Չորցուցի։


— Մաղձային ըլլալու է։


— Հավանական է։


— Չըլլա որ մորթային ըլլա։


— Կարելի է։


— Ինչ որ է, ես կերթամ կը քննեմ։


— Կարծեմ թե ուղեղը վնասված է։


— Ի՞նչ իրավունք ունիս այդպես կարծելու։