Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խելքը կորուսած է։


— Ինչ կընե, մարդու վրա՞ կը հարձակի։


— Ո՛չ։


— Հագուստները կը պատռե՞։


— Ո՛չ:


— Խենդի խոսքե՞ր կ՝ընե։


— Ո՛չ, բայց անանկ նշաններ կան որ խենդություն կը ցուցնեն։ Օրինակի համար երեկ աղքատին մեկը ներկայացեր է իրեն։


— Լավ աղքատին վի՞զն էր պլլվեր։


— Ո՞ւր էր թե այնպես լիներ։


— Խղդե՞ր է։


— Ո՛չ, հաներ մեկ ոսկի ողորմություն տվեր է, խելքը գլուխը մարդն մեկ ոսկի ողորմություն կուտա՞։


Բժիշկն մորուքին թելերը կ՝սկսի խառնել և խորհիլ. այսուամենայնիվ ողորմություն տվողն հետևյալ օրն իբրև խենդ հիմարանոց կը ղրկվի բժշկվելու համար։


Բժիշկն դեռ մորուքն բռնած կը խորհի։


Առատաձեռնությունը՝ խենդության առաջին նշան, ալ այսուհետև ո՞վ կը հանդգնի առատաձեռն լինել, խենդ լինել, թեև ես կը փափագեի որ մեր ազգին բոլոր հարուստներն խենդ լինեին...


Խեղճ առատաձեռնություն, զքեզ ալ խենդության կարգը դասեցին...


Փորձերն դժբախտաբար ամեն օր կուգան հաստատել թե իրադիտության եղանակով աղքատ տղաները կրթելն անօգուտ է։


Իրագիտության դասատու մը կահկարասիներու վրայոք աշակերտին հարցումներ կուղղե։


— Կարապետ, կրնա՞ս ինձի զրուցել մեկիկ-մեկիկ թե ձեր տունին մեջ ի՞նչ կը գտնվի։


— Բան մ՝ալ չգտնվիր... Երեկ իրիկուն հայրս հարցուց մորս և մայրս պատասխան տվավ թե տունին մեջ ոչ հաց ունինք, ո՛չ պանիր։