Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմին մը կամ հոգի մը այն վնասներուն և կորուստներուն զորս ժողովուրդը՝ մանավանդ անոր գավառացի մասն, կը կրե այս խնդիրեն։ Հայտնի է թե Պատրիարքի մը պատրիարքական աթոռեն ամիսներով բացակա մնալն չնմանիր դպրոցականի մը ամիսներով դպրոց չերթալուն, հարկ չէ հիշեցնել նաև թե Պատրիարքի մը աթոռն և կոշկակարի մը աթոռն տարբեր բաներ են։ Կոշկակարինը կարող է ամիսներով պարապ մնալ առանց վնասելու ժողովրդյան պատվո, ընչից և կենաց խնդրույն, դաստիարակության խնդրույն, Կիլիկիո կաթողիկոսական խնդրույն, թաղային մատակարարության խնդրույն և այլն. իսկ Պատրիարքինը մեծ հարվածներ կուտա այդ խնդիրներուն, եթե շաբաթ մը չունենա յուր տերն։ Արդ, ո՞վ է այդ վնասներուն պատասխանատուն, անշուշտ պատրիարքարանի մսավաճառն չէ։ Ո՞վ է ուրեմն։ Ոչ ոք։ Ես ինձ հանձնված պաշտոնն չարաչար կը գործածեմ, և ոչ ոք կը մտաբերե իմ դերձակս պատասխանատու համարել այն զեղծումներուն, զորս դործած եմ գիտությամբ կամ անգիտությամբ, կամա կամ ակամա. պարոն Կ. Ություճյան Մասիս-ի մեջ քանի մը հարուստներ կը շողոքորթե գիտությամբ և կամա, և ոչ ոք կերթա հայրենիքի խմբագիրն հարվածել այն շողոքորթություններուն համար որոնց խմբագիրն է Մասիս-ի խմբագիրը։ Սակայն պատրիարքներու հրաժարականի խնդիրներեն ծագած և ծագող վնասներուն պատասխանատու մը գտնելն դժվար գործ մէ։


Գավառե մը հայ հայր մը Պատրիարքարանի դրան առջև կը պոռա հեռագրով։


«Քուրտ մը աղջիկս տարավ. տեղական կառավարությունն անտարբեր է».


Սրբազան Պատրիարքը կր պատասխանե.


«Մե՜ղք, հազար մեղք... ես հրաժարական տված եմ երեսփոխանության»։


Երեսփոխանությունն ազգասիրաբար յուր պաշտոնը կը կատարե ըսելով.


«Վա՜խ... վա՜խ, վա՜խ... ատենապետաց դիվանին հանձնվեցավ սրբազան Պատրիարքին հրաժարման պատճառներուն բարձման համար միջոցներ խորհիլ»։