Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հազիվ թե աս կը հեռանա, Ռումանիա կը հասնի։


— Ոտքերուդ տակը նայեցե՛ք, էֆենտի։


— Ի՞նչ կա։


— Մենք ալ աղքատ մարդիկ ենք, ասանկ օրերու կսպասենք, որ քանի մը փարա սեպեպլենմիշ ըլլանք։


— Հիմա ժամանակը չէ։


— Կաղաչեմ։


— Կորի՛ սըկից։


Մարդս ողորմություն տալու միտք ալ ունենա՝ մուրացկաններու բռնած այս ընթացքեն կը զզվի և ոչ մեկուն չտար։


Ես ալ ըլլամ՝ չեմ տար. բայց ձեռվընուն խալսելու համար միշտ գրպաններս խառնելով՝ տալու հոժար կը ցցունեմ ինքզինքս և ետևես բերել կուտամ զանոնք, մինչև որ հոգնին, հույսերնին կտրեն ու ետ դառնան։


Շատ անգամներ այսպես խալսած եմ ես մուրացկաններու ձեռքեն։


Խոշոր զինադադար մը... զինադադարներու նահապետ մը... վեց ամիս զինադադար։


Մեզմե վեց շաբաթ ուզեցին, վեց ամիս տվինք, եթե խելք՛ ընեին վեց ամիս ուզեին՝ վեց տարի կուտայինք, ցույց տալու համար՝ թե մենք կռվո մարդ չենք, թե իրենցմե ավելի՝ խաղաղության կը փափագինք։


Վեց ամիսը շատ աղեկ է, որովհետև աս տերություններն. ամսվան մը մեջ խոսք հասկնալու մարդիկ չեն։


Այո՛, մեկ ուզեցին՝ վեց տվինք։


Նայինք տվածնիս պիտի ընդունին, աս ալ մենք պիտի՝. մտմտանք։


Հավանականաբար ոչ։


Որովհետև այս մարդիկ միշտ քիչ կուզեն կոր, շատ չեն՛ ուզեր կոր և քանի անգամ որ իրենց ուզածեն ավելին տալ խոստացած ենք, մերժեր են։


Բարեկարգություն ուզեցին, ընդհանուր բարեկարգություն պիտի ընենք ըսինք, ո՛չ պատասխանեցին, մեր ուզածը քիչ բան մէ, ան տուր հիմակուհիմա։